Հայաստանի կառավարությունը որոշել է Հայաստանում թույլատրել արդյունաբերական կանեփ աճեցնելն ու մշակելը

Համապատասխան փոփոխությունը «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում ու մի շարք հարակից օրենքներում այսօր միաձայն հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ օրենսդրական նոր կարգավորումները վերաբերում են բացառապես արդյունաբերական կանեփի մշակմանը։

«Այս մշակաբույսը կիրառվում է բազմաթիվ արտադրական պրոցեսներում ու ապրանքատեսակներում, ինչպիսիք են` տեքստիլը, ավտոմոբիլային արտադրությունը, կահույքը, թուղթը, շինանյութը, խնամքի պարագաները, բժշկության մեջ է օգտագործվում»,– ասաց Ավինյանը։

Նա նաև հայտնեց, որ արդյունաբերական կանեփի մշակումն այսօր թույլատրված է Եվրոպայում, ՌԴ–ում, ԱՄՆ–ում, Չինաստանում, Իսրայելում, Կանադայում, Ավստրալիայում և այլ երկրներում։

Առաջարկվող կարգավորումներով Հայաստանում թույլատրվելու է կանեփի աճեցումը, մշակումը, արտադրությունը, արտահանումն ու ներմուծումը, ինչպես նաև` մեծածախ առևտուրը` համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։

«Առայժմ միայն մեծածախ առևտրի մասին է խոսքը, քանի դեռ մենք մեր մոտեցումը չենք արտահայտել ներքին շուկայում տվյալ ապրանքատեսակների հետ կապված»,– ասաց Ավինյանը։

Քաղաքականություն