Սյունիքի նախկին մարզպետի կնոջը հարցաքննելը քաղաքական հետապնդում չէ. ՊԵԿ նախագահ

Սյունիքի նախկին մարզպետի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, գտնվել է ՊԵԿ քննչական վարչությունում՝ քրեական գործի շրջանակում, խորհրդարանում այսօր լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Այո՛, գտնվել է, հարցաքննվել է», - ասաց Հովհաննիսյանը։

Թե ինչ գործի շրջանակում, ՊԵԿ նախագահը չմանրամասնեց՝ ասելով, որ պետք է դիմել նախաքննության մարմնին։

«Նախաքննության մարմինը կգնահատի՝ նպատակահարմար է տեղեկությունը տրամադրել, թե՝ ոչ», - ասաց նա։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ սա քաղաքական ճնշում չի կարելի որակել, քանի որ Էլիզաբեթ Պետրոսյանը ոչ միայն նախկին մարզպետի կինն է, այլ ինքնուրույն սուբյեկտ է և առանձին կազմակերպաիրավական միավորի ղեկավար։

Լրագրողների դիտարկմանը, թե այդ հարցաքննությունը համընկել է Սյունիքում վարչապետի այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպին, ՊԵԿ նախագահն արձագանքեց.

«Բոլոր համընկնումները դուք կամ հասարակությունը փորձում է մեկնաբանել քաղաքական ենթատեքստերի ներքո։ Նախկինում էլ նշված անձը հրավիրվել է հարցաքննության»։

Քաղաքականություն