Անկախ պատգամավորները պահանջում են քննարկման առարկա դարձնել Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի վարքագիծը

Անկախ պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանը, Աննա Գրիգորյանը, Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանը և Գևորգ Պետրոսյանը գրավոր դիմել են ԱԺ խմբակցություններին՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությունների հետ կապված:

 

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում մի քանի տասնյակ սյունեցի բերման է ենթարկվել, ընդ որում՝ նրանցից մի քանիսը ենթարկվեն են աննախադեպ նվաստացուցիչ վերաբերմունքի ու ստորացման, որոնք անգամ տեսանկարահանվել են։

 

Արձագանքելով տեսանյութերին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր՝« Այ տենց ստորացնելով բերման պետք ա ենթարկեն, բա ի՞նչ պետք է անեն»:

Իմքայլական նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի դիտարկմամբ՝ սա միջամտություն է ԱԱԾ-ի և ոստիկանության գործունեությանը.

«Պատգամավորը որևէ իրավունք չունի ազդելու ԱԱԾ-ի և ոստիկանության գործունեության վրա: Որևէ մեկն իրավունք չունի երկրում սահմանադրությամբ սահմանված նորմերը խախտելու և մարդուն ստորացնել, ճնշումների ենթարկել: Հատկապես, երբ սա առաջարկվում է պատգամավորի կողմից, որը հանրության կողմից ընտրված անձ է, պարտավոր է առավել քան հետևողական լինել օրենքի իրականացմանը, այլ ոչ թե օրենք շրջանցի»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը:

 

Նկատենք, որ էթիկայի հանձնաժողովի ձեւավորումը պայմանավորված է ԱԺ մեծամասնության քվեարկությունից, սակայն Սոֆյա Հովսեփյանը չի կարծում, որ «Իմ քայլը» կողմ կլինի էթիկայի հանձնաժողովի ձևավորմանը:

«Չեմ կարծում կողմ կլինեն, քանի որ նրանց այդ վերաբերմունքը նորություն չէ»,- ասաց պատգամավորը:

Սյունիքի ակցիաներից հետո Նիկոլ Փաշինյանը հրահանգեց իրավապահ մարմիններին՝ զբաղվել ակցիայի մասնակիցներով: Սոֆյա Հովսեփյանը մեզ հետ զրույցում այս երևույթը որակեց անօրինություն.

«Այն ,որ օրենքի կիրառմամբ համապատասխան քայլեր պետք է ձեռնարկվեն, դա նորմալ է, բայց իր ցանկությամբ հրահանգ տա, որ իրավապահները զբաղվեն, դա անօրինություն է: Այն հանգամանքը, որը ժամանակին քննադատվում էր՝ թե իրավապահ մարմինները դարձել են Սերժ Սարգսյանի խաղալիքը, այսօր էլ արդեն դարձել են Նիկոլ Փաշինյանի խաղալիքը: Իշխանությունները ի սկզբանե սահմանած իրենց արժեքներին դեմ են գնում»,-եզրափակեց պատգամավորը: