
Եղբայրս 39-40 աստիճան ջերմությամբ, թոքաբորբով պառկած է եղել, բռնի ուժով բերման են ենթարկել․ Շուռնուխի համայնքապետ

Շուռնուխի նախկին վարչական ղեկավար Արարատ Աղաբեկյանը ձերբակալված է, այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
«Գիշերը եղբորս ջերմությունը կտրուկ բարձրացել է, հիվանդանոց չեն տեղափոխել, շտապ օգնություն են կանչել, սրսկել են, ջերմությունն իջել է։ Ես անձամբ չեմ խոսել իր հետ։ Նրա հետ կապ եմ պահում փաստաբանի միջոցով, ասում է՝ արդեն լավ է»,- նշեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
Հակոբ Արշակյանի խոսքով՝ անգամ ցանկության դեպքում վատ առողջական վիճակի պատճառով Արարատ Աղաբեկյանը չէր կարող մասնակցել Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ Սյունիքի տարբեր համայնքներում կազմակերպված բողոքի ակցիաներին։
«Եղբորս բերման են ենթարկել բռնի ուժով, առանց որևէ բացատրությունների, փաստաթուղթ էլ չեն ներկայացրել, թե ինչ հիմքով և ինչու են բերման ենթարկել։ Եղբայրս 39-40 աստիճան ջերմությամբ, թոքաբորբով պառկած է եղել, սրսկումների տակ, երեկ էլ պատրաստվում էր կորոնավիրուսի թեստ հանձնել, հիմա չգիտեմ՝ իր մոտ թեստ տարել են հանձնելու համար, թե՝ ոչ»,- ասաց Հակոբ Արշակյանը։