
Գոնե 1 կմ հեռու կանգնեն, որ երեխան վարագույրը բացի, թուրքին չտեսնի. Շուռնուխի գյուղապետ

Ադրբեջանցիների կողմից Շուռնուխի բնակչի 13 կովերն ադրբեջանական տարածք քշելու և առերեւույթ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գորիսի բաժանմունքում նյութեր են նախապատրաստում։ «Փաստինֆո»-ին այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները Շուռնուխի գյուղացու 13 կովերը քշել են դեպի ադրբեջանական տարածք և մինչ օրս չեն վերադարձրել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ իրենց թաղային ոստիկանները տվյալները վերցրել են և զբաղվում են գործով։
«Ադրբեջանցիների հետ ռուսների միջնորդությամբ կոնտակտի մեջ են մտնում մեր սահմանապահները։ Կապ են հաստատում, բայց այնտեղից պատասխան չկա։ Ասում են՝ եթե գտնեն, հետ կվերադարձնեն։ Մեկ անգամ թույլ են տվել, որ ռուս խաղաղապահները, մեր սահմանապահներն ու կովերի սեփականատերը մտնեն այդ տարածք, բայց հիմա թույլ չեն տալիս»,-ասաց գյուղապետը։
Հակոբ Արշակյանը նշեց, որ գյուղում բոլորն ավելի զգոն են թե՛ անասունների հետ կապված հարցերում, թե՛ երեխաներին տանից դուրս թողնել-չթողնելու հարցում։ Գյուղապետի խոսքով կերի պաշարը վերջացել է, ինչի պատճառով շուռնուխցիներն անասուններին չեն կարողանում դուրս հանել. «Հիմա գոմերում են պահում, անասնակերն էլ վերջացել է։ Սյունիքի տարբեր շրջաններից, ինչպես նաև Արարատից, Արտաշատից անասնակեր, խոտ են բերում, որ կարողանան իրենց հոգսերը հոգալ։
Գոնե 1 կմ հեռու կանգնեն, որ երեխան վարագույրը բացի, թուրքին չտեսնի։ Այս մարդիկ ավել բան չեն ուզում»,-նշեց Հակոբ Արշակյանը։