Հումանիտար օգնություն՝ Հադրութի շրջանի բնակիչներին

Պատերազմի պատճառով տեղահանված և Արցախի տարբեր բնակավայրերում հաստատված Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների սննդի տեսքով օգնություն է տրամադրվել: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

«Բարեգործական ծրագիրը նախաձեռնել է ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: Նախաձեռնությանը միացել են անհատ բարերարներ ու կազմակերպություններ:

ԱԻ պետական ծառայության պահեստում հավաքվածները Հադրութի շրջանի համայնքների ղեկավարներն են: Նախապես կազմվել են Արցախում հաշվառված համագյուղացի ընտանիքների ցուցակները, իսկ օգնությունը տրամադրվել է  ըստ ընտանիքի կազմի:

Համայնքների ղեկավարներն իրենց երախտիքի խոսքն են հայտնել բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր այս դժվար օրերին բնակության վայրն ու սեփական ամեն ինչ կորցրած բնակիչների կողքին են:

Հադրութցիները նաև Արցախի փրկարարներին են շնորհակալ՝  ռազմագործողությունների ընթացքում և հետո՝ անձնուրաց ծառայության համար»,- ասվում է հաղորդագրությունում: