Մենք չենք կարող «նկուղային» պայմաններում բարձրագույն կրթություն ապահովել. նախարարը կողմ է ակադեմիական քաղաք ունենալուն

Մեր երեխաներին թողնելու ենք բուհեր, ու լավ բուհեր։ Դա մեր գերագույն ցանկությունն է։ Այս մասին այսօր՝ մարտի 31–ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանն՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ են թողնելու մեր ապագա սերունդին, երբ վարչապետը հայտարարում է Երեւանի բուհերը վաճառելու եւ  դրանից ստացված գումարով ակադեմիական քաղաք կառուցելու մասին։

«Մենք ունեցել ենք գիտություն, կրթություն։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դուք այդ ամենն ասեք ներկա շարունակականով։ Մենք չենք խոսում անցյալով, դուք եք խոսում անցյալով։ Մենք ունեն այն՝ ինչ ունենք,  եւ պետք է պահպանենք եղածը, եւ զարգացնենք,  բերենք  որակական այլ մակարդակի։ Վստահեցնում եմ՝ բուհական կառույցներին որեւէ վտանգ չի սպառնում, անհոգ եղեք։ Նման որոշում չկա, կա գաղափար, շենքը դրեք մի կողմ, խնդիրը շենքը չէ, այլ նոր շենքն է, նոր քաղաքն է, նոր կոմունիկացիաներն են, նոր կամպուսներն են, խնդիրը ձեւի եւ բովանդակության համապատասխանեցումն է, ձեւը արտաքինն է, բովանդակությունը՝ բուհը, բարձրագույն կրթությունը։ Մենք չենք կարող «նկուղային» պայմաններում բարձրագույն կրթություն ապահովել»,– ասաց նախարարը։

Ըստ Վահրամ Դումանյանի՝ այսօր բուհերում չկան անհրաժեշտ պայմաններ, սկսած սանիտահիգիենիկ պայմաններից մինչեւ տեխնիկական հագեցվածություն եւ այլն։ 

ԿԳՄՍ նախարարը ակադեմիական քաղաք ունենալու գաղափարին կողմ է եւ ցանկություն ունի, որ այն իրականություն դառնա։

«Այս պահին որեւէ հստակ վայր չկա, թե որտեղ է այն կառուցվելու, ընդամենը կա ցանկություն եւ գաղափար եւ կարող եմ ասել, որ կա հաստատուն կամք դա անել՝ կարեւորելով ոլորտը»,– նշեց նախարարը։

Վահրամ Դումանյանը կարծիք հայտնեց, թե խոսքը ակադեմիական քաղաք  կառուցելու, հետո միայն բուհական շենքերը վաճառելու մասին է։ Նա հորդորում է հանգիստ լինել, որ բուհական որեւէ շենք չի վաճառվի։ 

«Նման բան չկա, Աստված մի արասցե, եթե լինի, ես ավելի անհանգիստ կլինեմ, քան Դուք՝ հիմա»,– հավելեց նախարարը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ  Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ hանդիպմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գաղափար ունեն Երեւանի  բուհերի մեծամասնության շենքերը  հանել վաճառքի, ստացված գումարներից Երեւանից դուրս կառուցել քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք։