
Ծառուկյանը վերջնաժամկետ է տվել Փաշինյանին. «Հրապարակ»

«Մինչ ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ երեկ վստահեցնում էին՝ արտահերթ ընտրությունների օրակարգով Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպման հարցը կուսակցությունում դեռեւս չի քննարկվել, եւ դեռ հայտնի չէ՝ կլինի այդ հանդիպումը, թե ոչ, մեր տեղեկություններով, սակայն, Ծառուկյանը վերջնաժամկետ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ եթե համաձայն է մայիս-հունիս ամիսներին արտահերթ ընտրությունների գնալ, ապա իրենց հանդիպումը կարող են կազմակերպել շաբաթ օրը, եթե ոչ, ապա երկխոսության կամուրջներն այրված կարող է համարել։
Ուշագրավ է, որ վերջին օրերին տեղեկություններ ենք ստանում, որ իշխանությունները բանագնացներ են ուղարկում ձայն բերող թաղային տարբեր հեղինակությունների մոտ եւ փորձում են հասկանալ, թե ով եւ ինչ չափով կաշխատի իշխանության օգտին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :