Դատախազությունն ուսումնասիրում է Փաշինյանի հրաժարականը պահանջելու վերաբերյալ ԳՇ հայտարարությունը
Դատախազությունն ուսումնասիրության առարկա է դարձրել Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը պահանջելու վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ չբացառելով քրեական վարույթի նախաձեռնումը։
«Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին, եթե հընթացս ի հայտ կբերվեն մեր կողմից քրեական օրենքով արգելված հանցավոր արարքների հատկանիշներով արարքներ, գործողություններ, դրանց շատ արագ, նախորդ օրը մեր հրապարակած հայտարարության ոգուն համապատասխան, հետևելու է քրեաիրավական արձագանքը»,- հայտնել են դատախազությունից։
Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք դատախազությունն ուսումնասիրում է նաև հայտարարության այն դրվագը, որում գեներալները նշել են, որ երկրի գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին, դատախազությունից պատասխանեցին, որ քրեական հետապնդման մարմինները, դատախազությունն ընդհանուր բնույթի հայտարարություններով չի կարող առաջնորդվել: Ասել է թե՝ երկրի անվտանգությանը սպառնացող զինվորականների հայտարարությունը դատախազությանը չի մտահոգել՝ դրանով իսկ ապացուցելով, որ այս գերատեսչությունը վերածվել է Նիկոլ Փաշինյանի կամակատարի ու ունի իր հստակ բացասական դերակատարումը երկրի կործանման գործում։
Նրանց փոխանցմամբ՝ կա հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հստակ ընթացակարգ, համապատասխան այնպիսի տվյալներ ներկայացվելու դեպքում, որոնք իրենց մեջ կպարունակեն հանցագործության կոնկրետություն պարունակող տվյալներ, կդառնա պատշաճ ուսումնասիրության առարկա: Դատախազությունը այս պատճառաբանությունը ակնհայտ վկայում է երկակի մոտեցման մասին. Եթե պարտադիր է հանցագործության մասին հաղորդում, ապա ինչու է զինվորականների հայտարարությունը բաժանվել երկու մասի եւ ուսումնասիրության առարկա դարձվում միայն հրաժարականի դրվագը։ Ինչ է, այդ մասով ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։ Բացի այդ՝ դատախազությունը, թերևս, պետք է, որ ծանոթ լինի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի մասին, ըստ որի՝ քրեական գործի հարուցման առիթ է նաեւ մամուլի հրապարակումը, ավելին՝ դատախազությունը եւ իրավապահ մյուս մարմինները պարզապես պարտավոր են վարույթ նախաձեռնել, եթե իրենց գործունեության ընթացքում հայտնաբերում են հանցագործության մասին տվյալներ։ Այսինքն՝ եթե դատախազությունը ուսումնասիրում է ԳՇ պետի եւ հրամկազմի հայտարարությունը, ապա պարտավոր է ուղղակի իրավական գնահատական տալ դրանում ներկայացված՝ երկրի անվտանգությանը սպառնացող գնահատականներին։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջին միանալու մասին։
«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:
ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:
ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ:
Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»,- հայտարարել են գեներալները՝ ընդգծելով, որ բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ: ՀՀ ԶՈՒ ԳՇ այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դա ռազմական հեղաշրջման փորձ է և կոչ արեց իր աջակիցներին հավաքվել Հանրապետության Հրապարակում, ինչից հետո վերջինս քայլերթ իրականացրեց Երևանում։ Հատկանշական է, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո լուրեր շրջանառվեցին առ այն, որ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հանձնարարականով քրեական գործ է հարուցվել և Օնիկ Գասպարյանին ձերբակալելու որոշում է կայացվել, ինչը, բնականաբար երեկ հերքվեց ՀՀ գլխավոր դատախազության կողմից։ Իսկ այսօր արդեն դատախազությունը հայտարարում է, որ ուսումնասիրվում է ԳՇ հայտարարությունը։