Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է կայացրել չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Հանրապետության նախագահը կարևորում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի վերաբերյալ առաջացած քաղաքական ճգնաժամի հրատապ հանգուցալուծումը:
Այդ նպատակով հանդիպումներ են եղել վարչապետի, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի և զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ուսումնասիրվել են ազատելու մասին հրամանագրի նախագծի առնչությամբ Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ վարչապետի հիմնավորումները:
Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը արդյունք է պատերազմական և հետպատերազմական ժամանակաշրջանում քաղաքական և ռազմական գործիչների շրջանում առկա տարաձայնությունների՝ երբեմն խիստ անձնավորված մոտեցումներով: Չեն կարող անտեսվել նաև հրամանագրի ստորագրմանն առարկելու համար հիմք հանդիսացած իրավական առումով խնդրահարույց մեկնաբանությունները, իրավակիրառ պրակտիկան, օրենքի հնարավոր բացը:
Հանրապետության նախագահն իր նախորդ հայտարարություններում ընդգծել է, որ խնդրի շուտափույթ և Սահմանադրության շրջանակներում կարգավորումը Հայաստանի և Արցախի անվտանգության ու կայունության համար առաջնային կարևորություն ունի և բացարձակ անհրաժեշտություն է պետականության պահպանման, հասարակության հետագա պառակտումը կանխելու, ժողովրդի միասնությունը և հանրային համերաշխությունը վերականգնելու, ստեղծված անորոշ վիճակից դուրս գալու և վերջնական հանգուցալուծման հասնելու համար:
Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը:
Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հանրապետության նախագահը, հավատարիմ իր հանձնառությանը, շարունակելու է իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված քայլերը և կոչ է անում բոլորին՝ նախագահի ինստիտուտը ծառայեցնելով որպես հարթակ, բանակցել առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծումը գտնելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողատու թուրք. քաղաքացիները Փաշինյանին տեսնելուն պես դավաճան անվանեցին նրան
Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով՝ թիկնապահների ուղեկցո...
Վարչապետը միջնորդություն է ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտո...
Հարգում եմ և՛ պարոն Փաշինյանին, և՛ Ծառուկյանին, բայց ես Խաչատուր Սուքիասյանն եմ, ունեմ իմ միտքը. Սուքիասյան
Նիկոլ Փաշինյանի հավաքին մասնակցում էր նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Ոստիկանները պատ են կազմել, որպեսզի Նիկոլ Փաշինյ...
Զարմացած եմ, որ Միքայել Մինասյանը թելում է Նիկոլ Փաշինյանի թելը. Մարուքյան
Զարմացած եմ, որ Միքայել Մինասյանը թելում է Նիկոլ Փաշինյանի թելը։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մ...