Դավիթ Գալստյանը՝ «պատրոն Դավոն», կշարունակի մնալ կալանավորված. Պաշտպանը վստահեցնում է՝ գործընթացն իրավական չէ

Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժել է Գալստյանին կալանավորելու մասին որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց պաշտպան Արմեն Հարությունյանը։

Դատարանի որոշումը ստանալուց հետո պաշտպանական կողմը կքննարկի վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը։

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը, ինչի դեմ վերաքննիչ բողոքում պաշտպանական կողմը վիճարկել էր թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայությունը՝ գտնելով, որ դրանք բացակայում են։

Նախաքննության ընթացքում պաշտպանների կողմից ներկայացվել են անհերքելի ապացույցներ այն մասին, որ համապատասխան մատակարարումները կատարվել են սահմանված կարգով, անցել են բոլոր ընթացակարգերը և այս պահին քրեական գործի առկայությունն ու Դավիթ Գալստյանին ազատությունից զրկելը չի բխում այդ գործի նյութերից, վերաքննիչ բողոքը, ըստ փաստաբանի, չէր կարող մերժվել, հանցակազմի բացակայության խնդիր են բարձրացրել։

Փաստաբանի գնահատմամբ՝ դատարանի որոշումն անհիմն է, քանի որ ներկայացված ապացույցներն անհերքելի ապացույցներ են եղել, իսկ թե ինչու է դատարանը նման որոշում կայացրել՝ այս պահին ասել չի կարող։

Փաստաբանը չմանրամասնեց, թե ինչ քննչական գործողություններ են եղել Գալստյանի մասնակցությամբ, սակայն նշեց, որ վերաքննիչ դատարանի որոշումն էլ ցույց տվեց, որ ոչ մի իրավական գործընթացի հետ առնչություն չունեն։

«Ոչ մի իրավական գործընթաց չի գնում, իսկ թե ինչ գործընթացներ են գնում՝ ժամանակը ցույց կտա»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո կպատրաստեն վճռաբեկ բողոք, թեև այս պայմաններում հույս չունեն, որ Վճռաբեկ դատարանը որևէ դրական լուծում կտա, բայց իրավական ճանապարհն ամբողջությամբ կանցնեն։

Հարցին՝ արդյո՞ք նախաքննական մարմնին միջնորդություններ ներկայացվել են՝ փաստաբանը նշեց, որ մի շարք միջնորդություններ են ներկայացրել, տարբեր ապացույցներ են ներկայացրել, դատավարական մեծ ծավալի գործ են անում, գրեթե՝ նախաքննություն են իրականացնում, բայց մանրամասներն այս պահին հրապարակային չի կարող ասել։

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ:

Այնուհետև, օգտվելով կնքված պայմանագրի ուժով ընձեռնված հնարավորությունից, Ա. Բ.-ն և Դ. Գ.-ն ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքը խաբեությամբ իրացնելու և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող լեռնային հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի հիշյալ գումարը:

Քաղաքականություն

Պատահարներ