
Ի՞նչ կապ ունի Փաշինյան–Ալիև գաղտնի պայմանավորվածությունն Արա Սաղաթելյանի ազատազրկման հետ
23.02.2021 16:04
ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կողմնակիցներն ԱԱԾ շենքի դիմաց են։ Նրանք պահանջում են դադարեցնել հետապնդումն ու ազատ արձակել Սաղաթելյանին։ Ինչպես նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, իրենք պատրաստվում են ԱԱԾ–ին հանձնել բազմաթիվ նյութեր, որոնք կապացուցեն, թե ինչ է արել Սաղաթելյանը տեղեկատվական ոլորտում` Հայաստանի դիրքերն աշխարհում ամրապնդելու համար։
«Հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն Արա Սաղաթելյանին հետևել, գաղտնալսել է պատերազմի օրերին։ Ճիշտ այն օրերին, երբ Արա Սաղաթելյանը Ստեփանակերտում աշխատում էր միջազգային լրատվամիջոցների հետ, համակարգում էր նրանց աշխատանքը, և խոսքը լուրջ համաշխարհային նշանակություն ունեցող մեդիաների մասին է»,– ասաց Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով` անգամ ուկրաինական մամուլում, որ պատերազմի օրերին լցված էր հակահայ քարոզչությանը, Սաղաթելյանին հաջողվեց որոշակի իրավիճակ փոխել։
Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ` պատերազմի օրերին ԱԱԾ–ն զբաղված էր «ֆեյքերի», «սատանաների» որսով։ Իսկ այսօր անվտանգության մարմինները զբաղված են մեկուսացնելով բոլոր այն անձանց, ովքեր ի զորու են բացահայտել Նիկոլ Փաշինյանի գաղտնի ծրագրերն ու գաղտնի պայմանավորվածությունները Ալիևի հետ։
«Մենք տեսել ենք, որ վերջին շրջանում նաև Մարտակերտի տարածքով դեպի Քարվաճառ ճանապարհ է հատկացվում ադրբեջանցիներին, և, ըստ էության, դա նույնպես արվում է բանավոր ինչ-որ գաղտնի համաձայնությունների արդյունքում։ Այս ամենը, երբ համադրում ես` պարզ է դառնում, որ, այո, Նիկոլի ու Ալիևի միջև կան գաղտնի համաձայնություններ։ Եվ չեմ բացառում, որ Արա Սաղաթելյանին ու այլ մասնագետներին, ովքեր կարողանում են դա բացահայտել, մեկուսացնելը այդ նույն պայմանավորվածությունների շրջանակում է»,– ասաց Մելիք-Շահնազարյանը։