Պետական դավաճանության ու լրտեսության դեպքում ցմահ դատապարտում՝ գույքի առգրավմամբ. ԲՀԿ-ն նախագիծ է ներկայացրել

ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց նախագիծը, որը սահմանում է՝ ցմահ դատապարտել պետական դավաճանության և լրտեսության դեպքում՝ գույքի առգրավմամբ։ 

Նրա խոսքով՝ ուսումնասիրել են արտերկրում նմանատիպ իրավակարգավորումները, մասնավորապես՝ Իսրայելում, Ռուսաստանում, Անգլիայում, Ֆրանսիայում, այդ թվում նաև տարածաշրջանային երկրներում․ 

«Հարցումներ ենք իրականացրել նաև Հայաստանում, քանի որ մեր իրականությունն ու իրողություններ են ամենակարևորը։ ԵՊՀ-ից տեղեկանք ունենք, Փաստաբանների պալատից, Արդարադատության նախարարության կողմից, Դատական դեպարտամենտի կողմից տեղեկանք ունենք, ինչպես նաև ոստիկանությունից և ԱԱԾ-ից», - ասաց նա։ 

Էնֆիաջյանը նշեց, որ հիմնական փիլիսոփայությունը դավաճանության և լրտեսության դեպքում ամենաբարձր պատիժը սահմանելն է։ 

Նա նաև ներկայացրեց, թե որ դեպքերն են, ըստ իրենց նախագծի, համարվելու դավաճանություն և լրտեսություն․ 

«Թշնամու կողմն անցնելը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը, ինչպես նաև օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնելը կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը։ Օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկությունները հանձնելը կամ դրանք հավաքագրելը, ինչպես նաև արտաքին և ներքին անվտանգությանը, ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և պաշտպանունակությանը վտանգող քայլեր և գործողություններ իրականացնելը», - ասաց նա։

Քաղաքականություն