
Եթե մենք 30 տարի բանակ չունենայինք, ապա Արցախյան առաջին պատերազմը, երևի, Մարսից են եկել, հաղթել. Քոչարյան

Համոզված եմ՝ ոչ այդ որակի հանդիպումներ էր, այն, ինչ իրականացնում է այսօրվա նախարարը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին, որը եկել էր իր հետ հանդիպելու։
Լրագրողների հարցին, թե նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հաճախ չէ՞ր գալիս, Քոչարյանն ասաց, որ գալիս էր, սակայն հանդիպման որակն այսպիսին չէր.
«Տոնոյանն էլ էր հաճախ գալիս։ Համոզված եմ՝ ոչ այդ որակի հանդիպումներ էր, այն, ինչ իրականացնում է այսօրվա նախարարը։ Մեր այսօրվա նախարարը կրում է այնպիսի ուսադիրներ, որը պարունակում է ռազմական բաղադրիչը։ Նա Սոցապ նախարար չի, Պաշտպանության նախարարին չի կարելի խանգարել։ Հետպատերազմյան շրջանում բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու, դրանք և՛ օրենսդրական են, և՛ գործադիրի հետ կապված խնդիրներ են, և՛ բանակի համալրման հետ կապված խնդիրներն են»,-ասաց պատգամավորը։
Դիտարկմանը, թե իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանն էլ պնդում է՝ 30 տարի Հայաստանը բանակ չի ունեցել, Քոչարյանը արձագանքեց. «Ձեր հարցերն Անուշ Բեղլոյանին տվեք: Եթե մենք 30 տարի բանակ չունենայինք, ապա Արցախյան առաջին պատերազմը, երևի, Մարսից են եկել, հաղթել: Ես՝ ինքս էլ գնդապետի իմ առաջին կոչումը ստացել եմ բանակում, հունվարի 28-ին»:
Անդրադառնալով այսօր զինվորների մեկի ազգականի այն հայտարարությանը, թե Փաշինյանը տղերքին զոհվելու է ուղարկել, որ իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին հետ բերի՝ պատգամավորը նշեց, որ համապատասխան կառույցներն այդ հայտարարությունը կընդունեն և գործողություններ կիրականացնեն, այդ տեղեկության իրական լինելը պարզելու համար:
Անդրադառնալով ՀՀ ԱԱԾ-ի թույլտվությամբ ԶԼՄ-ների՝ Սյունիքի մարզում լուաբանումներ իրականացնելուն՝ Քոչարյանն ասաց. «Ինչո՞ւ այդ հարցն ԱԱԾ-ի ղեկավարին չեք տալիս։ Կարծում եմ՝ լուսաբանման մեջ կան խնդիրներ, որոնք չպետք է վնասեն այդ ծառայությունների հետ կապված գաղտնիությանն առնչվող որևէ դրվագի»։