Ստացվում է, արատավոր պրակտիկան, որը նախկինում կիրառվել է, հիմա նորացված կիրառում ենք. պատգամավոր

Այս օրենքի նախագիծը պարունակում է մի շարք ռիսկեր, օրենքների խախտումներ, այդ թվում Սահմանադրության խախտումներ, որոնց վրա չենք կարող աչք փակել: Այս մասին «Կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ցավոք սրտի նախորդ իշխանությունները բերեցին մի խորհրդի նախագահ, մի բդեշխ, որ կարող էր թելադրել համալսարանում օրակարգ, ռեկտոր, պրոռեկտոր նշանակել»,-Թագուհի Թովմասյանը մեջբերեց ՀՀ կրթության նախարարի ելույթից այս հատվածը՝ անդրադառնալով բուհերի քաղաքականացմանը և ակադեմիական ազատությունների սահմանափակմանը, ապա շարունակեց.  «Հիմա ի՞նչ է ստացվում. մի բդեշխին փոխարինում ենք մի ուրիշ բդեշխո՞վ: Ստացվում է, արատավոր պրակտիկան, որը նախկինում կիրառվել է, հիմա նորացված կիրառում ենք»:

Պատգամավորի կարծիքով՝ հետհեղափոխական Հայաստանում այս սկզբունքները պետք է իսպառ բացառվեն։ 

«Այն, որ այս ընթացքում ԵՊՀ ռեկտոր չի հաջողվել նշանակել որևէ մեկին, այդ թվում նաեւ ձեզ, պարոն նախարար, թեև կառավարությունը դրա ցանկությունը բազմիցս բուռն դրսևորել է, բայց դուք «վշտից» նախարար դարձաք ու հիմա ուզում եք ունենալ գրպանային ռեկտորնե՞ր»,-ասաց պատգամավորը՝ այս ամենը անթույլատրելի համարելով: