Գերիների հետ կապված որևէ գործողության դրդելու համար որևէ ակցիա իրականացնելու անհրաժեշտություն չկա, դրանք մեր մտքում և սրտում են . վարչապետ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գերիների վերադարձի գործընթացին: Վարչապետը նշեց՝ այդ գործընթացից դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, այլև Կառավարությունում. այս իրավիճակից որևէ մեկը գոհ չէ:

«Գերիների խնդրի մասին մեզ ու ինձ հիշեցնելու անհրաժեշտություն չկա, որովհետև մենք ոչ մի վայրկյան այդ խնդրի մասին չենք մոռանում: Այդ խնդրի հետ կապված մեզ որևէ գործողության դրդելու համար որևէ ակցիա իրականացնելու անհրաժեշտություն չկա, այդ ակցիաները մեր գլխում, մեր մտքում և մեր սրտում են : Սա այն երևույթն է, որտեղ մենք պետք է առաջնորդվենք բժշկական սկզբունքով՝ չվնասել»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս ընթացքում եղել են գործողություններ, որոնք կատարելիս մտածել ենք, թե դա օգնում է, բայց հակառակը՝ վնասել է գործընթացին:

Ռուսաստանի մեր գործընկերները շատ ակտիվ ներգրավված են գործընթացում՝ ընդգծեց Կառավարության ղեկավարը:

«Այո, մենք էլ գոհ չենք այն արդյունքներից, որն այս պահին ունենք, բայց սա չի նշանակում, թե մենք որևէ վայրկյան դադարեցնում ենք կամ պետք է դադարեցնենք այս ուղղությամբ աշխատանքը: Եվ ես համոզվել եմ, որ որքան քիչ լինի հրապարակայնությունն այս աշխատանքի նկատմամբ, այնքան լավ»,- եզրափակեց վարչապետը: