
Դուք ուզում եք ստեղծել գրպանային ռեկտորների ինստիտուտ. Զոհրաբյանը՝ նախարարին

«Մեր օրերում Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցին պարտադրում են տնօրեն և հետո այդ տնօրենը ոստիկանական պահակազորի ուղեկցությամբ ամեն օր գնում է աշխատանքի։ Սլավոնական համալսարանի ռեկտորը գրում է, որ իրեն ԱԱԾ-ի միջոցով փոխանցվել է Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ ռեկտորի պահանջից հրաժարվելու», - ընդգծեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Նա նշեց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ալֆան և օմեգան պիտի լինեին ակադեմիական ազատությունը, բայց բերած օրենքը ակադեմիական ազատության հիմնաքարի խախտում է, որը հակասում է ընդհանրապես բուհերի ինքնավարության ամբողջական սկզբունքին․
«Ռեկտորների ընտրության կառավարման խորհուրդը կազմված է լինելու 9 անդամից, որոնցից 5-ին նշանակելու է Կառավարությունը։ Հիմա Դուք ուզում եք հավատանք, պարոն նախարար, որ Ձեր կողմից նշանակված Կառավարման խորհրդի հինգ անդամները լինելու են անաչառ և չեն կատարելու քաղաքական պատվեր։ Դուք ուզում եք ստեղծել գրպանային ռեկտորների ինստիտուտ», - ասաց նա։
Նա ասաց, որ բնականաբար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ է քվեարկելու ակադեմիական ազատության և բուհերի ինքնավարությունը ոչնչացնող այս նախագծին։
«Պարոն Դումանյան, խնդրում եմ վերջնական զեկույցում ասել, թե որ պետական բուհերն են Ձեզ համար ավելորդ»․ Անի Սամսոնյան
«Բուհերի քաղաքականացված էջը չի կարող փակվել միայն օրենքի նախագծում դրույթ սահմանելով, որ կառավարման խորհրդի անդամները չեն կարող լինել կուսակցական ղեկավարման մարմինների անդամ կամ ռեկտորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ», - հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ նիստում։
Նրա խոսքով՝ քաղաքականացված էջը միայն կարելի է փակել այն ժամանակ, երբ կսահմանվեն այնպիսի մեխանիզմներ, որ քաղաքական որոշումներ կայացնողները չեն կարող ունենալ լիակատար ազդեցություն բուհական կառավարման խորհուրդներում։
«Ունենալ կառավարման խորհրդի 9 անդամ, որից 5 անդամը կարող է լինել Կառավարության և լիազոր մարմնի ներկայացուցիչ, ես կարծում եմ, որ սա բարձր ռիսկեր ունի, ռիսկեր՝ միշտ ստորադասված պահելու այն մարդկանց շահերը, օրինակ՝ ակադեմիական կազմի կամ ուսանողական կազմի, որոնք համարվում են բուհական կրթության և այս նախագծի իրական շահառուն», - ասաց նա։
Նա անդրադարձավ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի այն հայտարարությանը, որ անբնական շատ են պետական բուհերը․
«Ձեր կարծիքը կարող է արժեքավոր լինել որպես գիտնական, բայց Ձեր կարծիքը չի կարող արժեքավոր լինել որպես նախարար, եթե այդ կարծիքը չի դրվում Ձեր մշակած քաղաքականության հիմքում, Ձեր տեսլականում։ Դրա համար ես Ձեզ խնդրում եմ վերջնական զեկույցում անդրադառնալ այն հարցին, թե որ պետական բուհերն են Ձեզ համար ավելորդ և որոնք կարող են փակվել», - ասաց նա։