
Դուք հարուցել եք քրեական գործ՝ մեղքի բեռը ձեր վրայից գցեք. Մարուքյանը՝ Փաշինյանին

Երեք ամիս է, մենք առաջարկում ենք փաստահավաք խումբ ստեղծել և քննել նախապատերազմյան շրջանը, քննել պատերազմի կառավարման ընթացքը, քննել բանակցությունների ընթացքը և համապատասխան զեկույցով հանդես գալ մեր ժողովրդի առջև: Սակայն Իմ քայլը դաշինքը դեմ է արտահայտվել փաստահավաք խմբի ստեղծմանը:Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Այնուհետև դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց՝ «Ես ուզում եմ վարչապետից՝ որպես պատերազմի ժամանակ հրամանատար, թիվ մեկ բանակցող և հիմա՝ ճգնաժամի համար թիվ մեկ պատասխանատու, ստանալ պատասխան»:
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց մի քանի պատճառաբանություն՝ չթաքցնելով, որ կողմնակից չէ նման փաստահավաք խմբի ձեւավորմանը։ Ավելին՝ դժգոհեց, թե ԼՀԿ-ի առաջարկած հանձնաժողովը 70 տոկոսով պետք է ձևավորվի այն քաղաքական ուժերից, որոնք իրենց հարցերի պատասխանները տվել են տարբեր ամբիոններից:
«Եթե այդ ուժերի համար կա քննության կարիք, ինչու են արդեն նրանք հրապարակել եզրակացություններ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս ընդգծեց, որ այս պահին պատերազմին առնչվող հազարից ավելի քրեական գործ կա քննվող:
«Քննության քաղաքական մեխանիզմը դրված է գործող օրենդրության մեջ և այդ մեխանիզմը Ազգային ժողովն է: Ես կարծում եմ, պատերազմի մասին ճշմարտությունը բավականաչափ քննարկվել է, և համաձայն եմ, մինչև վերջին դետալը պետք է պարզվի, բայց ուզում եմ հիշեցնել, հազարից ավելի քրեական գործ է հարուցված, այնպես չէ, որ դրանք տվել են մեզ այս պահին անհրաժեշտ հարցերի պատասխանները, բայց պետք է ամեն ինչ անել, որ տան այդ պատասխանները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Էդմոն Մարուքյանն էլ հակադարձեց, որ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ եւս քրեական գործ քննվում էր, բայց խորհրդարանում ստեղծվեց փաստահավաք խումբ, ապրիլյան պատերազմին առնչվող քրեական գործեր հարուցվել էին, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվեց։ Ավելին, նա հայտարարել է, որ մշակել են օրենքի նախագիծ՝ նման փաստահավաք խումբ ստեղծելու մասին։
«Քննիչ հանձնաժողով ստեղծելը հղի է նրանով, որ չի ունենալու այն վստահության մակարդակը որովհետեւ մեծամասամբ ձեւավորված են լինելու իշխանությունից, հետեւաբար լեգիտիմությունը ցածր է լինելու։ Քրեական գործերով չի լինելու վստահություն։ Լինելու է հետեւյալ, որ դուք հարուցել եք քրեական գործ՝ մեղքի բեռը ձեր վրայից գցեք»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Վարչապետն էլ ասաց, որ Մարուքյանի այդ նախագծին դեռ չի ծանոթացել. «Եկեք ես այս պահին չշարունակեմ իմ պատասխանը, այդ տեքստին կծանոթանամ, կարձագանքեմ։ Իմ պատասխանը հիմնված էր ձեր նախորդ տեքստի վրա»։
Էդմոն Մարուքյանն էլ Նիկոլ Փաշինյանին փոխանցեց նախագիծը, որ ծանոթանա։