Այսքան շատ բուհ ունենալը բավականին «ճոխություն» է մեր փոքրիկ հանրապետության համար. նախարար

Այսքան շատ բուհ ունենալը բավականին «ճոխություն» է մեր փոքրիկ հանրապետության համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացնելով՝  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:

 

Նշենք, որ ԼՀԿ–ական պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է օրենքում սահմանված, որ բուհերի կառավարման խորհուրդները պետք է լինեն 9 հոգանոց կազմով, որից 5-ը կլինեն կառավարության և լիազոր մարմնի կողմից ներկայացուցիչներ, իսկ 4-ը` դասախոսներ և ուսանողներ։ Պատգամավորը հարցրեց` արդյո՞ք բուհի ինքնավարության իրավունքը չի վտանգվում։

«Ես կարծում եմ, որ բուհի կառավարման խորհրդի անդամների բաշխվածությունը ոչ թե պետք է լիներ 5։4, այլ 9։0, այսինքն` կառավարության և լիազոր մարմնի կողմից ներկայացուցիչներ լինեին այնտեղ։ Հարցն այն է, որ եթե բուհի հիմնադիրը պետությունն է, ապա պետությունն էլ պետք է կրի 100 տոկոս պատասխանատվություն բուհի համար»,-ասաց նախարարը` հավելելով, որ, սակայն, այս որոշումն ընկալելի չէր լինի հանրության և մասնագիտական հանրության կողմից:

 

Դումանյանը նշեց, որ իրականում բավական բարդ է ընտրել բուհի կառավարման խորհրդի կազմը, քանի որ բուհերի թիվն անբնական շատ է, իսկ մարդիկ` քիչ են։

Ինչ վերաբերում է հարցին, թե բուհերի կառավարման խորհրդում քանի ուսանող և դասախոս պետք է ընդգրկված լինեն` նախարարը պատասխանեց, որ բուհն ինքը պետք է որոշի այդ հարցը։