Այս պահի դրությամբ արդեն երկրաշարժի հետևանքով հետցնցումները կարելի է ասել, որ դադարել են. նախարար

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ վերջերս տեղի ունեցած երկրաշարժին, վստահեցրեց՝ վտանգ չի սպառնում:

«Երեք անգամ ունեցանք նման միջադեպ, այնուհետև նոր ՀՀ-ի սահմանում՝ Շորժայում: Այս պահի դրությամբ արդեն երկրաշարժի հետևանքով հետցնցումները կարելի է ասել, որ դադարել են:

Մեր դիտարկումներով՝ նման վտանգ չի սպասվում: Փլվածքների հետ կապված աշխատել են միջգերատեսչական հանձնաժողովները, նաև մեր նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները: Նրանք լրացուցիչ կներկայացնեն տուժած բնակչության ծախսերը»,- ասաց նախարարը:

Խոսելով ազդարարման, տարհանման, ապաստարանների մասին՝ նախարարն ասաց. «Դեռևս պատերազմական շրջանում գործընթացը սկսված է եղել: Գաղտնիք չէ, որ մենք ապաստարանների առումով ունենք լուրջ խնդիրներ: Ես նախկինում՝ որպես զինվորական, առնչվել եմ այս խնդրի հետ: Կարող եմ հավաստիացնել, որ նախարարության առջև որպես գերակա խնդիր դրված է այդ հարցը՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով կատարել այդ աշխատանքները»:

Նա վստահեցրեց, որ նախարարությունը պարբերաբար անցկացնում է պարապմունքներ: