
Կարապետ Ղուկասյանը Կարո Ղուկասյանը չէ. շփոթմունք է առաջացել զինգրքույկում

Արցախյան վերջին պատերազմի մասնակից Կարո Ղուկսյանը այսօր ահազանգել էր, որ իր զինգրքույկում նշել են, թե ինքը մարտական գործողություններին մասնակցել է մինչև հոկտեմբերի 20-ը, սակայն իր պնդմամբ, ինքը մինչև պատերազմի վերջին օրը ճակատում է եղել։
Նա մասնավորապես գրել էր.
«Փաստորեն պատերազմին մասնակցել եմ 29.09.2020 ից մինչև 20.10.2020թթ (իրականում մասնակցել եմ մինչև վերջ 10.11.2020, տուն եմ վերադարձել նոյեմբերի 19 ին)։ Պարզվում է պատերազմի ժամանակ եղել եմ վարորդ ու ռադիոհեռախոսավար, բայց իրականում եղել եմ հրետանավոր հրետանային ստորաբաժանման կազմում Մարտակերտի 1-ին դիվիզիոնի 3-րդ մարտկոցում։
Չէ, սա իրոք ամենավերջին ստորություն է Մարտակերտի զորամասի կողմից։ Ես եղբայրաբար խնդրում եմ՝ ճիշտը գրեք, թե չէ ստիպված դատի եմ տալու. չի կարելի կռվի դաշտում մինչև վերջ մնացող մարդու հանդեպ այսպես վարվել, այն դեպքում, երբ հրամանատարական կազմը բունկերից դուրս չի եկել։Ես վարորդական իրավունք էլ չունեմ, ռադիոհեռախոսավարությունից էլ գլուխ չեմ հանում։
Հարգանքներով` Կարո Ղուկասյան»,- գրել է նա։
Ավելի ուշ, սակայն, ֆեյսբուքյան գրառումը, որտեղ ներկայացվել էր վերոնշյալ խնդիրը, ջնջվեց և ներկայացվեց նոր հրապարակում:
«Խոսացի Մարտակերի հրամանատարական կազմի հետ։ Եղել են երկու հոգի
Կարո Ղուկասյան- հրետանավոր
Կարապետ Ղուկասյան- վարորդ
Ինձ գրել են Կարապետ Ղուկասյանի տվյալներով, որը մասնակցելա 20.10.2020 թվական։ Մի խոսքով հարցը լուծվեց
Խնդրում եմ լրատվականներին ճոխացրած բաներ չգրել` շնորհակալություն»,- գրել է նա: