Ես վստահ եմ, որ ընտրությունների դեպքում «Իմ քայլն» այլևս Ազգային Ժողովում մեծամասնություն չէր լինի. Սոֆյա Հովսեփյան. ArmDaily

Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ արտահերթ ընտրությունների պահանջ հասարակությունում չկա։ Խմբակցության մի շարք պատգամավորներ էլ սկսեցին հայտարարել, որ մարդիկ իրենց դիմում են արտահերթ ընտրություններ չանցկացնելու խնդրանքով։

ArmDaily.am-ի հետ զրույցում անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ իրենց փոխարեն բացատրել, թե ինչով է պայմանավորված այդ որոշումը։

 

«Հասարակական պահանջ չկա արտահայտությունը մի փոքր խաբկանք է, որովհետև հասարակական ո՞ր հատվածի պահանջը կա և ո՞ր հատվածի պահանջը չկա, որ հասկանանք՝ ինչպես կարելի է ընդհանուր խոսել և հասարակության որոշ շերտերի անունից նման հայտարարություն տարածել։ Ես գրեթե վստահ եմ, որ ներկայացրել են պատգամավորները ընտրողների, այսպես ասած, որոշակի զանգվածի կարծիք, որն էլ անդրադարձել է որոշման վրա։ Միևնույն ժամանակ կա մտավախություն, որ կարող են քաղաքական դաշտում իրողություններ փոխվել և քանի դեռ իրենք մեծամասնություն են այնուամենայնիվ, կարող են պահել և իրենց գործունեությունը շարունակել»,- ասաց Հովսեփյանը։

 

Պատգամավորը նշում է՝ վստահ է, որ ընտրությունների դեպքում փոխվելու էր Ազգային ժողովի կազմը և որպես մեծամասնություն չէին կազմելու։

««Լուսավոր Հայաստանը», ինչպես ասվեց քաղաքական ընդդիմությունը համաձյան չի արտահերթին, բայց ես հիշում եմ, որ պրն Մարուքյանը, իհարկե օրն ու ժամը չեմ հիշում, բայց նա հնչեցրեց արտահերթ կազմակերպելու առաջարկը և մի քիչ համաձայն չեմ այն մտքի հետ, որ արտահերթի վերաբերյալ ընդդիմության պահանջ չկա։ Միգուցե արտախորհրդարանական ընդդիմության մասին է խոսքը, որը շատ չընկալվեց, բայց այն, որ քաղաքական ընդդիմությունից գոնե «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը այդ մասին խոսել է՝ դա հայտնի է ու Ազգային ժողովում բոլորը, վստահ եմ, որ լսած կլինեն»-ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Անդրադառնալով քաղաքական ճգնաժամի խորացմանը ընտրությունների չեղարկման հետևանքով՝ անկախ պատգամավորն ասաց, որ ճգնաժամն ավելի խորանալու տեղ չունի։

«Ճգնաժամը արդեն իսկ խորացած է, խնդիրներն արդեն իսկ ծառացած են, խնդիրները շատ են երկրում՝ շերտավորված և պետք է ուղղակիորեն լրջություն ցուցաբերեն, որպեսզի կարողանան երկրի առաջ ծառացած միտումներին լուրջ լուծումներ առաջարկեն և տան»,- եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը։