Աշակերտը հնարավորություն կունենա ընտրել այն նախագծերը կամ խմբակները, որոնց ցանկանում է մասնակցել.Նոր նախագիծ

Կառավարության հերթական նիստին ԿԳՄՍ նախարարության կողմից առաջարկվեց հաստատել հանրակրթության նոր պետական չափորոշիչը։

Ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է ուսումնական պլանում ներառել երեք բաղադրիչ՝ պետական բաղադրիչ, դպրոցական բաղադրիչ և անհատական բաղադրիչ:

Ի տարբերություն գործող չափորոշչի՝ անհատական բաղադրիչը ավելացնելու անհրաժեշտությունը բխում է աշակերտների հետաքրքրությունների և կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունից: Անհատական բաղադրիչը աշակերտին հնարավորություն է տալիս ընտրել դպրոցի կողմից առաջարկվող այն նախագծերը կամ խմբակները, որոնց ցանկանում է մասնակցել։

Սա հատկապես կարևոր է հանրակրթական ուսումնական հաստատության երրորդ աստիճանում, որի պարագայում անհատական բաղադրիչի կշիռը կազմում է տասնհինգ տոկոս՝ հնարավորություն ընձեռելով ձևավորել անհատական դասացուցակ և ուղեծիր աշակերտների համար։

Համադրվելով երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման ծրագրերին՝ սա հնարավորություն կտա սովորողներին ճկուն ձևաչափով ներգրավվել համայնքում գործող տարբեր հաստատություններում՝ կրեդիտային համակարգի միջոցով ապահովելով այդ արդյունքի գրանցումը հանրակրթական ուսումնական հաստատության կողմից։ 

Առաջարկվող փոփոխություններից է նաև սկսած յոթներորդ դասարանից նախագծային ուսուցման պարտադիր պահանջի ամրագրումը, որը հնարավորություն կտա զարգացնել արդի իրականության մեջ սովորողների առանցքային կարողունակությունները՝ ստեղծարարության և հետազոտական հմտությունների, ինքնուրույն վերլուծությունների և քննադատական մտածողության տեսանկյունից։