Եթե ադրբեջանցիները խոչընդոտեն, հայկական կողմն էլ իր հերթին խոչընդոտներ կառաջացնի ադրբեջանական բեռների նկատմամբ. Սիմոնյան
Ազգային Ժողովի նախագահի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կոմունիկացիաների ապաշրջափակումից Հայաստանը միայն կշահի։ Նա շեշտեց, որ ապաշրջափակումը լինելու է ոչ թե կոնկրետ Հայաստանի, այլ աշխարհի հետ, քանի որ մինչ օրս Հայաստանը ուղղակիորեն շրջափակված է։
Մեր այն հարցին, թե որքանո՞վ ենք կարողանալու ապահովել Ադրդբեջանի տարածքով անցնող բեռների անվտանգությունը՝ վերջինս ասաց, որ եթե նրանք խոչընդոտեն, հայկական կողմն էլ իր հերթին խոչընդոտներ կառաջացնի ադրբեջանական բեռների նկատմամբ։
«Միջանցքի մասին ով է խոսել,թե վարչապետը, թե ԱԳՆ-ն մի քանի անգամ հայտարարեցին , որ համաձայնագրում միջանցքի մասին որևէ կետ չկա»,- հայտարարեց Սիմոնյանը։
Անդրադառնալով նախօրեին Ադրբեջանին փոխանցված 18 գերիներին, փոխխոսնակը շեշտեց, որ դա Հայաստանի կողմից ոչ թե շռայլություն է, այլ պայմանավորվածություններին պարտաճանաչորեն հետևելու քաղաքականություն։
«Գերիների հարցը շարունակական պրոցես է և շուտով կավարտենք մոտ ապագայում և մեր բոլոր գերիները կվերադառնան։ Մի քանի օր առաջ հինգ հոգի վերադարձավ և ես հավատում եմ, որ շատ մոտ ապագայում այդ հարցը կլուծենք»,- ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից արտահերթ ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու և հաղթելու մասին հայտարարությանը, Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի շանսերը շատ քիչ են՝ հաղթանակ գրանցելու համար, քանի որ ժողովուրդը լավ է հիշում Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը և մարդկանց մոտ արմատավորված է Քոչարյանի բացասական կերպարը։
Ինչ վերաբերում է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը Արցախի Պաշտպանության Բանակը կազմալուծելու մասին, Սիմոնյանը հակադարձեց, որ վերջերս շատերն են խելոք դեմքի արտահայտությամբ խելքին եկածը փչում։






























