Արցախի պաշտպանության բանակի վերացումը կամ կազմաքանդումը վտանգելու է առհասարակ տարածաշրջանում հայի գոյությանը. Աբրահամյան

Արցախի պաշտպանության բանակի վերացումը կամ կազմաքանդումը լուրջ վնաս է հասցնելու ոչ միայն Արցախին, այլ, առհասարակ, հայկական պետականությանը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

 

«Անկախ այն հանգամանքից, որ ռուսական խաղաղապահ զորքերը հայկական բնակչության անվտանգության ապահովման առաքելություն է իրականացնում Արցախում, սակայն Արցախում զինված ուժերի առկայությունը անհրաժեշտություն է, ինչ վերաբերում է Արցախի Ներքին գործերի նախարարության կազմավորմանը, ապա ես դա ամբողջությամբ չէի կապի այս գործընթացի հետ։ Դա պայմանավորված է կառավարման համակարգի փոփոխություններով։ Այնուամենայնիվ, այս թեմայով վերջին ամիսներին անընդհատ տեղեկություններ են շրջանառվում և պաշտպանական գերատեսչությունը կամ Հայաստանի ղեկավարը այդ մասին որևէ պարզաբանում մինչև հիմա չեն տվել»։

Նա ընդգծեց, որ ռուս խաղաղապահների և դաշնակիցների դեմ որևէ բան չունենալով՝ համարում է, որ հայկական զինուժը պետք է լինի թե Հայաստանում, թե Արցախում, և Արցախի անվտանգության հետ կապված հարցերը պետք է իրականացվեն համատեղ՝ ներդաշնակեցնելով բոլոր գործողությունները։ «Այս պարագայում՝ ես չէի ասի, թե հույս ունեմ, բայց հնարավորություն տեսնում եմ, որպեսզի վերջնական Հայաստանի իշխանությունը Արցախի իշխանության հետ որոշում չկայացնի, որովհետև դա էականորեն վնասելու է և վտանգելու է առհասարակ տարածաշրջանում հայի գոյությանը, Հայաստանի և Արցախի մենսական շահերին»։