
«Պատրոն Դավոյի» նկատմամբ քրեական գործեր կան, պետք է ուրախանանք. Անդրանիկ Քոչարյան

Պաշտպանության նախարարության նոր ղեկավարության առկայությունն է, որ թույլ է տվել պաշտպանության ոլորտի մատակարարումների հետ կապված խնդիրների վերհանումը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով ԱԱԾ–ում «Պատրոն Դավոյի» (Դավիթ Գալստյանի) նկատմամբ հարուցված քրեական գործը, ասաց ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
««Պատրոն Դավոյի» նկատմամբ եթե տարիներ շարունակ քրեական գործեր չեն եղել, ապա հարց է առաջանում, թե ինչու չեն եղել։ Իսկ հիմա նրա նկատմամբ բազմաթիվ գործեր կան և պետք է ուրախանանք, որ այդ քրեական գործերով գոնե պատասխաններ ենք սպասում»,– ասաց Քոչարյանը։
ԱԺ–ի միջանցքում Անդրանիկ Քոչարյանին ուղեկցող ու նրա հետ դեպի հանձնաժողովի նախագահի աշխատասենյակ քայլող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Սուրեն Սահակյանն էլ նշեց, որ գործին վերաբերող հանգամանքները բավական երկար պրոցեսի արդյունք են։
«Քննությունով զբաղվում է ԱԱԾ–ն։ Իրավաբանների հարցման հիման վրա մենք բոլոր տեղեկությունները բաց կտրամադրենք»,– ասաց նա։