Նույնիսկ չեմ տեսնում, որ ՀՀ այս իշխանություններն Հայաստանի անվտանգության երաշխավորն են, էլ չեմ խոսում Արցախի մասին. Վահրամ Բալայան

Փորձ արվեց բանակցությունների միջոցով քաղաքական ուժերի և նախագահի միջև փոխհամաձայնություն ձևավորել երկրի կառավարման նկատմամբ, բայց հետո այդ համաձայնությունները չիրականացվեցին, դրա համար էլ համաձայնագիր չստորագրվեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչու այդպես էլ կոնսոլիդացիա չեղավ Արցախում քաղաքական ուժերի միջև, որի մասին խոսում էր նախագահ Արայիկ Հարությունյանը: 

Նա նշեց, որ նախատեսվում էր հուշագիր ստորագրել ու առաջ շարժվել, այդ հուշագիրը պետք է ուղղված լիներ կառավարության նոր կառուցվածքին, կադրերի նշանակմանը և անելիքներին, սակայն համաձայնություն ձեռք չբերվեց, քանի որ վերջում նախագահը հրաժարվեց այդ ամենից: 

Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀ իշխանություններն են պատճառը, որ այդ հուշագիը չստորագրվեց, Բալայանը պատասխանեց. «Հնարավոր է, կարող ենք ենթադրել, որ հայաստանյան իշխանություններն էլ որոշակի ազդեցություն ունեցան, որ չհամագործակցեն այդ ուժերի հետ, դա ամենահավանական տարբերակներից մեկն է»: 

Հարցին էլ՝ ստեղծված իրավիճակում Արցախի անվտանգության ի՞նչ երաշխիքներ կան, նա նշեց, որ փաստացի այնպես է ստացվել, որ այս պահին Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը ՌԴ-ն է: «Ուղղակի հույս ունենք, որ այդ առաքելությունը իսկապես կկատարի ՌԴ-ն: Հույսս նրանում է, որ վերջիվերջո Արցախի հանրապետությունը և ՌԴ-ն իրար հետ նոր հարաբերությունները չեն ձևավորում, դրանք 350 տարվա պատմություն ունեն: Շահեկան կլինի երկու կողմերի դաշնակցային հարաբերությունները զարգացնել, դրանից ոչ մի կողմն էլ չի կորցնի, միայն կշահեն, մնում է դա զարգացնել, նոր հիմքի վրա դնել ու փորձել այդ ձևով հայության ինքնությունն այս տարածաշրջանում պահպանել»,- ասաց նա: 

Հարցին՝ Հայաստանի իշխանություններից այս առումով սպասելիքներ չկա՞ն, նա պատասխանեց. «Մեծ ցավով եմ ասում, այսօր Ստեփանակերտից որ նայում եմ, նույնիսկ չեմ տեսնում, որ այդ իշխանությունները Հայաստանի անվտանգության երաշխավորն են: Ի վիճակի՞ են նրանք ՀՀ անվտանգությունը երաշախավորել, էլ չեմ խոսում Արցախի մասին, որովհետև մեզ՝ Արցախում ապրող հայության համար, անչափ կարևոր է Հայաստանի ինքնիշխանությունը պահելը: Համայն հայության հույսի վերջին կղզյակն է ՀՀ-ն: Պետք է ամեն գնով այդ երկիրը պահել, ՀՀ-ն հայության մերանն է և պետք է այդ մերանը պահել»: 

 

 


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։   


 

Քաղաքականություն