Ռուսաստանին առանց հայ Արցախ պետք չէ ու սա ուզում եմ հասկանան նրանք, ովքեր տրամադրված են լքել իրենց հայրենիքը. քաղաքագետ

Արցախցի քաղաքագետ, Ապրիլյան և արցախյան վերջին պատերազմների մասնակից Ժիրայր Ազիզյանն ArmDaily.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում պատասխանել  մի շարք հարցերի. 

 
-Ինչպիսի՞ իրավիճակ է այժմ Արցախում, ի՞նչ հոգեվիճակում են գտնվում մարդիկ: 

-Պատերազմական գործողությունները իրենց զգալի հետևանքներն են թողել Արցախում ապրող ժողովրդի կյանքում, և ֆիզիկական և հոգեբանական առումներով։ Այսօր վերականգնողական մեծ աշխատանքներ են տարվում, կարելի է ասել ողջ Արցախը վերածվել է շինհրապարակի, ինչը միանշանակ դրական է ազդում հասարակության տրամադրությունների վրա։ Բացի վերականգնողական աշխատանքներից կառավարության կողմից իրականացվում են նաև սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր, որոնք ևս այս շրջանում մեծ կարևորություն ունեն։ Հոգեվիճակի առումով բնական է, որ հասարակությունը դեռևս գտնվում է պատերազմական սինդրոմի հաղթահարման փուլում, ընդհանուր առմամբ կան բազմաթիվ հարցեր` անվտանգության, սոցիալական, քաղաքական, որոնց պատասխանները ակնկալում են ստանալ իշխանություններից, սակայն իրականում իշխանությունը չունի բոլոր հարցերի հստակ պատասխանները և դա բնական է, քանի որ կան գլոբալ աշխարհաքաղաքական շահեր և դժվար է հստակ կանխատեսել թե ինչ տեղի կունենա այդ շահերի բախման արդյունքում։ Այդ անորոշ վիճակում սկսում է զարգանալ մարդկանց երևակայությունը, իսկ ինչպես ասում են չկա ավելի սարսափելի բան, քան մարդկային երևակայությունը, շատ հաճախ այդ երևակայությանը նպաստում է նաև քաղաքական ընդդիմության կողմից շահադիտական նպատակներով շրջանառության մեջ դրված էքսցենտրիկ և դեստրուկտիվ թեզերը։ 

-Լուրեր էին պտտվում, որ Զինված ՈՒժերում ծառայողների կրճատման գործընթացներ են ծավալվելու Արցախում նոր իրողություններից հետո: Արդյո՞ք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը: 

-Բացի սոցիալական նշված ահռելի խնդիրներից Արցախում այս պահին խաղաղ կենսագոյատևման առաջին նախապայմանը անվտանգությունն է։ Իհարկե խաղաղապահների ներկայությունը անվտանգության որոշակի երաշխիքներ են ստեղծում, սակայն վերջիններս չունեն այնպիսի գործառույթներ, որոնք ունի ՊԲ-ն։ Ըստ շրջանառվող լուրերի շուտով հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Արցախի տարածքից և արդեն տարբերակներ են մշակվում նոր անվտանգության համակարգի ձևավորման ուղղությամբ։ 
-Ինչպիսի՞ հոգեվիճակում են գտնվում զինծառայողներն ու հայկական բանակն ընդհանրապես: 

-Գրեթե ամեն օր շփվում ենք զինծառայողների հետ, սուտ կլինի եթե ասեմ, թե մարտական ոգին նախկինի պես բարձր է և դա նաև բնական է, հաշվի առնելով պատերազմի ելքն ու արդյունքները, բոլորն էլ մարտական ընկերների են կորցրել, հրամանատարներ: Դժվար է միանգամից հաղթահարել այդ ցավն ու վիշտը, բայց նաև ճիշտ չի լինի, եթե ասեմ խիստ հուսահատված և բարոյալքված են։ Այսօր նրանք մարտական ծառայություն են իրականացնում շատ ավելի դժվար պայմաններում, ինչը արդեն վառ վկայությունն է նրանց մարտական ոգու և բարոյահոգեբանական վիճակի։ 

-Ադրբեջանցիները ի՞նչ սադրիչ քայլերի են դիմում: 

-Արդեն մի քանի անգամ փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական տարածքներից հակառակորդի կողմից անհասցե կրակոցներ են հնչել, որոնք բնականաբար հանրային մեծ հնչեղություն են ստացել և մտահոգությունների առիթ դարձել։ Իրականում դա Բաքվի կողմից հատուկ մշակված և շատ լուրջ հոգեբանական զենք է ՝ուղղված Արցախում ապրող հայ ժողովրդի, քաղաքացիական բնակչության դեմ։ Նպատակը պարզ է` բնակչությանը հոգեբանական տեռորի ենթարկելով ստիպել նրանց լքել իրենց հայրենիքը: Ադրբեջանը միշտ էլ նպատակ է ունեցել հայաթափել Արցախը, դա է վկայում ժամանակին Ինքնավար Մարզի դեմոգրաֆիական պատկերը։ Այնուամենայնիվ չպետք է տրվել սադրանքներին ու որքան էլ դժվար լինի պետք է ցանկացած գնով ամուր կանգնենք մեր հողում։ 
-Բաբայանը հայտարարեց,որ Շուշիում թուրքերը գորշ գայլերի դպրոց են հիմնում: Ո՞րն է դրա նպատակը ու ի՞նչ վտանգներ է դա իր մեջ պարունակում: 

-Պաշտոնական Բաքվի քաղաքականությունը մեզ օտար չէ, այժմ փորձում են իրենց վերահսկողության տակ անցած հայկական տարածքները, հատկապես սահմանամերձ համայնքները բնակեցնել ազգայնականներով, վերաբնակեցման դեպքում ազգայնականություն քարոզել, ռեակցիոն տրամադրություններ ձևավորել և հայերի հանդեպ ատելություն քարոզել։ Բնական է, որ սա արվում է ամենուր, սակայն նպատակային առումով էական տարբերություն ունի այդ քարոզը Բաքվում և Շուշիում, կամ Վեյսալուում։ 

-Ռուս խաղաղապահների գործունեությանը այլ միտում տալու փորձեր տեսնո՞ւմ եք ու ինչո՞ւ է կարևոր ռուս խաղաղապահական միսսիայի առկայությունն Արցախում այս պահին: 

-Խաղապահների ներկայությունը անվտանգության երաշխիքներ է ստեղծում, պետք է հասկանանք, որ ունեցած ռեսուրսներով ինքնուրույն չենք կարող ապահովել մեր երկրի անվտանգությունը և այս տեսանկյունից խաղաղապահ առաքելությունը միակ տարբերակն է դառնում։ Հասկանալի և ակնհայտ է, որ Ռուսաստանը տարածաշրջանում կոնկրետ շահեր ունի և հիմա հենց այդ շահերն է պաշտպանում: Պետք է հաշվի առնել նաև, որ բացի խաղաղապահ առաքելությունից մենք Ռուսաստանից շարունակաբար շատ մեծ սոցիալական աջակցություններ ենք ստանում, ինչը ևս վկայում է նրա հետաքրքրությունների մասին։ Այսքանից ելնելով կարելի է ենթադրել, որ Ռուսաստանին առանց հայ Արցախ պետք չէ ու սա առաջին հերթին ուզում եմ հասկանալի դառնա բոլոր այն արցախցիների համար, ովքեր տրամադրված են լքել իրենց հայրենիքը։ 
-Այսօր Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնայում մեկնարկում է մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը, ի՞նչ հետևանքներով է սա հղի հայկական կողմի համար: Խոսքը թուրքերի ներկայության մասին է: 

- Նախ պետք է նշեմ, որ ռուս խաղաղապահների թեման դեռ ակտիվորեն քննարկվել էր մինչև 1994-ի վերջերը և 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո հակամարտության կարգավորման Լավրովյան պլանի շրջանառության մեջ դնելուց հետո։ Մինչև Բուդապեշտի գագաթաժողովը Ռուսաստանը ձգտում էր միայնակ խաղաղապահ առաքելություն իրականացնել, ինչը նրան հաջողվել էր Աբխազիայում 1994-ի սեպտեմբերին ԱՊՀ մանդատով: Նույնը Մոսկվան փորձում էր անել Լեռնային Ղարաբաղում, որտեղ կարողացել էր անժամկետ զինադադարի եռակողմ համաձայնագիր կնքել։ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթերով, ինչպես նաև 1997-ից ի վեր հակամարտության կողմերին ներկայացված կարգավորման առաջարկներով՝ Փաթեթային, Փուլային, Քի Վեսթ, Մադրիդյան, Կազան, ենթադրվում էր խաղաղապահների մուտք տարածաշրջան։ Բուդապեշտում 1994-ի դեկտեմբերին, ի հեճուկս Ռուսաստանի, ընդունվեց հակամարտության գոտի միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելու առաջարկը, ինչից հետո մշակել և կողմերին է ներկայացվել խաղաղապահության չորս առաջարկներ, որոնք սակայն, չեն ընդունվել կողմերից մեկի կամ մյուսի մերժման պատճառով։1994-ի մայիսյան զինադադարից հետո հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու իրական ցանկություն հայտնել է միայն երկու պետություն՝ Ռուսաստանը և Թուրքիան։ Ադրբեջանը կտրականապես դեմ է եղել ռուսական, իսկ Հայաստանը՝ թուրքական խաղաղապահությանը։ Ի վերջո Ռուսաստանին ինչպես շատ դեպքերում հաջողվեց հասնել իր նպատակին։ Ինչ վերաբերում է մոնիտորինգի համատեղ կենտրոնի գոյությանը, ապա նախ պետք է հասկանանք, որ դրա գործառույթները զուտ տեսական բնույթ ունեն և սահմանափակվում են դիտարկման, գնահատման և նման այլ խնդիրներով, իսկ պրակտիկ գործառույթը հենց խաղաղապահ զորքն ունի։ Ինչ որ տեղ նաև տրամաբանական է երկրորդ կողմի ներգրավվածությունը այս մոնիտորինգի համատեղ կենտրոնի ձևավորման և ապագա գործունեության մասով, այն առումով, որ հնարավոր խախտումներ դեպքում տրվի առավել օբյեկտիվ գնահատական։ Իսկ ինչու՞ հենց Թուրքիան, քանի որ միանշանակ ակնհայտ էր, որ պատերազմի ընթացքում Թուրքիան կարողացել էր ընդլայնել իր ազդեցությունը հակամարտության գոտում։ Չեմ կարծում թե մոնիտորինգի համատեղ կենտրոնի գոյությունը ապակայունացնող վտանգներ է պարունակում։ 

 

Քաղաքականություն