
Մինչ օրս էլ Ադրբեջանի նախագահը շարունակում է ողջ հայ ժողովրդի մասին խոսել ցեղասպանության սպառնալիքների լեզվով, պատերազմի սպառնալիքով. Արման Թաթոյան

Արցախի Հադրութի շրջանը մշտապես ծանրակշիռ մեծամասնությամբ հարուստ է եղել հայկական բնակչությամբ, և անգամ, երբ ձևավորվեց Ադրբեջանի Հանրապետությունը, և Հադրութը ներառվեց այդ հանրապետության կազմում, այնտեղ, միևնույն է, շարունակում էին մեծամասնություն կազմել հայերը: Այս մասին «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության հիմնադրմանը նվիրված արարողության ընթացքում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Պատահական չէ, որ Հադրութը բաց երկնքի տակ թանգարան է համարվում: Ցավոք, այժմ Հադրութը ներկայումս հայաթափվել է և գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, բայց ակնհայտ է, որ այս պատերազմը, այդ հայաթափումը էթնիկ զտումների արդյունք էր»,- նշեց Թաթոյանը՝ հիշեցնելով Ադրբեջանի կողմից պատերազմի սկզբից սկսած թիրախային գնդակոծումները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, վարձկանների օգտագործումը, ամենաինտենսիվ կերպով ատելության խոսքը հայերի նկատմամբ, ցեղասպանության սպառնալիքներն ու էթնիկ սպառնալիքների լեզվով խոսելը:
«Մինչ օրս էլ Ադրբեջանի նախագահը շարունակում է ողջ հայ ժողովրդի մասին խոսել ցեղասպանության սպառնալիքների լեզվով, պատերազմի սպառնալիքով և առիթը բաց չթողնելով՝ փորձել վիրավորել հայ ժողովրդի արժանապատվությունը»,-ասաց նա:
Արման Թաթոյանն ընդգծեց՝ պատերազմական հանցագործությունները, որ նաև Հադրութի մեր հայրենակիցների նկատմամբ տեղի ունեցան, ոչ թե իրարից կտրված հանցանքներ էին, որ կատարել էին այս կամ այն զինվորականները, այլ միասնական պետական քաղաքականության, մեկ միասնական շղթայի մասեր: «Հետևաբար, երբևէ չի կարելի տարանջատել այդ պատերազմական հանցագործությունները այն վարվող քաղաքականությունից, որ մինչ օրս էլ շարունակվում է: Դրան գումարվում է Արցախի մեկուսացման քաղաքականությունը աշխարհից»,-ասաց ՀՀ ՄԻՊ-ը: