Հայրենիք վերադարձած 5 գերիներից երկուսը Սարապատ համայնքից են. շուտով կվերադառնան իրենց բնակավայր

Հունվարի 28-ին հայրենիք վերադարձած 5 գերիներից երկուսը Շիրակի մարզի Սարապատ համայնքից են։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Սարապատի համայնքապետ Արտուշ Մանուկյանն ասաց, որ նրանք այս պահին Երևանում են՝ բժիշկների հսկողության տակ են գտնվում, սակայն մինչև ուշ գիշեր արդեն կվերադառնան իրենց բնակավայրեր․ «Հարազատները տեսել, զրուցել են նրանց հետ, ամեն ինչ նորմալ է։ Առողջական խնդիրներ չունեն, տրամադրությունները նորմալ է, ընկճված չեն»,-ասաց Արտուշ Մանուկյանը։

Հայրենիք վերադարձած Սարապատի երկու բնակիչներն էլ ամուսնացած են, ունեն անչափահաս երեխաներ և ընտանիքի միակ կերակրողներն են։ Նրանցից Կարեն Վարդանյանն էլ Սարապատ համայնքի Մուսաելյան բնակավայրի վարչական ղեկավարն է․ «Իրենց գերության մեջ գտնվելու ժամանակ ընտանիքներն, իհարկե, դժվարություններ ունեցել են, բայց հնարավորինս փորձել ենք հաղթահարել դրանք։ Աչքաթող չենք արել այդ ընտանիքներին, իմացել ենք՝ ով ինչ խնդիր, ինչի կարիք ունի և ինչով կարողացել աջակցել ենք։ Բոլոր առումներով մեր ուշադրության կենտրոնում են եղել»,-նշեց համայնքապետը։

Սարապատ համայնքից ևս 6 բնակիչ դեռ գերության մեջ է։ Համայնքում նրանց մասին տեղեկություն չունեն․ «Նոր եկածներն էլ նրանց հետ կապ չեն ունեցել։ Առանձին 4-5 հոգանոց խցերում են պահել նրանց։ Երեկ ռուս խաղաղապահների ներկայացուցիչը Բաքվից հեռախոսակապ ապահովեց երեք հոգու հետ։ Շաբլոն հարց-պատասխաններ էին, ինչից հետևություն արեցինք, որ միասին նույն խցերում չեն»,-նշեց համայնքապետը՝ հավելելով, որ դեռևս գերության մեջ գտնվողներից մեկն ընտանիքի միակ կերակրողն է, ապրում էր կնոջ և փոքր երեխայի հետ, իսկ մեկն էլ պատրաստվում էր ամուսնանալ։

Անդրադառնալով Շիրակի մարզի գերեվարված 62 զինծառայողների նկատմամբ արհեստական քրեական գործերին, Արտուշ Մանուկյանն ասաց, որ նրանց նկատմամբ հրատապ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշում կա․ «ՄԻԵԴ-ը վճիռ կայացրել է, և Ադրբեջանն ուզի, թե չուզի, պետք է հաշվի նստի ՄԻԵԴ-ի վճռի հետ։ Եթե նրանք որպես ահաբեկիչներ ֆիքսված լինեին, այս հինգին էլ չէին թողնի, որովհետև բոլորը նույն կարգավիճակի մեջ են եղել։ Այդ դեպքում այս հինգին ինչի՞ց ելնելով են թողել»,-ասաց Արտուշ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի 62 բնակիչները գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո. 2020թ.–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ հակառակորդը գրավել է հայկական հսկողության ներքո գտնվող Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, իսկ այդ ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող գերեվարել։ Թեեւ Ադրբեջանն ինքն էր խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ու զինադադարի պայմաններում առաջ բերել իր դիրքերը՝ գրավելով հայկական գյուղերը, բայց մեր զինվորներին ներկայացրել էր որպես դիվերսանտներ ու քրեական գործ հարուցել նրանց նկատմամբ։ Այդ խմբից 5 հոգի այսօր արդեն Հայաստանում է։ ԵՄ արտաքին հարցերով քարտուղար Փիթեր Ստանոն էլ կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նաև մնացած 57-ին։

Քաղաքականություն