Դատարանը մերժեց Գևորգ Լոռեցյանին 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր մերժել է ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդությունը։

Նշենք, որ դատական նիստի ընթացքում նման միջնորդությամբ հանդես էր եկել պաշտպան Լևոն Սահակյանը՝ որպես գրավի չափ առաջարկելով 2 մլն ՀՀ դրամը։

Լոռեցյանի կալանավորման հիմքում դրված է խոչընդոտման ռիսկը, մինչդեռ, պաշտպան Սահակյանը նշեց, որ գործով դատակոչված վկաներին Լոռեցյանը դեմքով չի ճանաչում, որևէ կապ չի ունեցել նրանց հետ։ Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանն առարկեց Լոռեցյանին գրավի դիմաց ազատ արձակելու դեմ՝ նշելով, որ բազմաթիվ դատական ակտերով հիմնավորվել է գործի քննությունից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը։ Նրա խոսքով՝ դատարանը երկու անգամ գնահատել է վկաների վրա ազդեցություն ունենալու և թաքնվելու հանգամանքները և միջնորդությամբ որևէ նոր բան չի ասվում։

Դատախազը հայտարարեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշում կայացրեց մերժել պաշտպանի բողոքը։ Այսպիսով՝ Գևորգ Լոռեցյանը կշարունակի մնալ կալանավորված։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 12-ին՝ ժամը 15։30-ին։

 

 

Քաղաքականություն