ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ընդդիմությունն ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը դադարի լինել վարչապետ, դրա համար կա մեկ ճանապարհ. Ռուբինյան

Կարծում եմ ընդդիմադիրները պիտի մի քիչ ավելի լավ ուսումնասիրեն համաշխարհային պատմությունը,  որովհետեւ բազմաթիվ դեպքեր կան, երբ երկրի ղեկավարները պատերազմի այս կամ այն արդյունքներից հետո շարունակել են պաշտոնավարել։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե պատերազմից հետո Արտաքին գործերի նախարարը փոխվեց, պաշտպանական գերատեսչության ղեկավարը փոխվեց, իսկ գերագույն հրամանատարը մնաց, ընդդիմադիրներն ասում են, որ համաշխարհային պատմության մեջ այդպիսի դեպք չի գրանցվել, երբ գերագույն հրամանատարը պարտությունից հետո հրաժարական չներկայացնի։

«Վերջին օրերին ապացուցվել է, որ ընդդիմության դիրքորոշումներն այնքան էլ տրամաբանական չեն, որովհետեւ եթե ընդդիմությունն ուզում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դադարի լինել վարչապետ, դրա համար կա մեկ ճանապարհ՝ գալիս են, ստորագրում են հուշագիր արտահերթ ընտրությունների վերաբերյալ, եթե հաղթում են, Նիկոլ Փաշինյանը դադարում է լինել վարչապետ: Խնդրում եմ հիմա չհարցնեք՝ բա որ կեղծեք, որովհետեւ դա շատ անտրամաբանական հարց է, որովհետեւ վերջին տասնամյակներում միակ իշխանությունը, որի կառավարման օրոք կեղծվել է զրո ընտրություն, որի կառավարման օրոք իշխանական ուժը պարտվել է Կապանում եւ Աբովյանում, դա «Իմ քայլը» դաշինքն է: Տրամաբանական չէ, որ այնպիսի կուսակցություններ, որոնք իշխանության օրոք կեղծվել են բազմաթիվ ընտրություններ, մտահոգություն են հայտնում, որ այն կուսակցությունը, որի իշխանության օրոք կեղծվել է զրո ընտրություն, կանի դա»:

Ռուբինյանին լրագրողները հակադարձեցին, որ երկուսուկես տարի առաջ նրանք հասարակության մեծ մասի վստահությունն էին վայելում, իսկ  հիմա իրավիճակ է փոխվել, մարդկանց հույսերը չեն արդարացվել եւ հնարավոր է, որ դիմեք նման քայլի:

Իշխող ուժի պատգամավորը նշեց, եթե այդ տրամաբանությամբ  շարժվենք, ապա երբեւիցե գործող իշխանությունը չպետք է կազմակերպի ընտրություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ