Ավստրիա և Սլովակիա մուտք գործելու համար ներդրվում է առցանց գրանցման համակարգ

Ի գիտություն Ավստրիա և Սլովակիա մեկնել ցանկացող մեր հայրենակիցների՝ Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է.

«Ավստրիայում և Սլովակիայում COVID-19 համավարակի տարածման դեմ իրականացվող միջոցառումների շրջանակներում նշյալ երկրներ մուտք գործելու վերաբերյալ ընդունված կանոնակարգերին առնչվող տեղեկատվություն.

Ավստրիա

2021թ․ հունվարի 15-ից Ավստրիա մուտք գործող անձանց համար կներդրվի առցանց գրանցման համակարգ։ Ավստրիա ժամանող անձինք պարտավոր են տեղեկություն տրամադրել իրենց անձնական տվյալների, ինչպես նաև ուղևորության և նախատեսված (տնային) կարանտինի մասին։

Էլեկտրոնային գրանցման վերաբերյալ հաստատումը երկիր մուտք գործելիս էլեկտրոնային կամ տպագիր տեսքով պետք է ներկայացվի հսկիչ անցակետում։

Առցանց գրանցման հղումը, որը կգործի 2021թ․-ի հունվարի 14-ից սկսած, այստեղ։

Եթե գրանցումը չի իրականացվել ​​էլեկտրոնային եղանակով, ապա Ավստրիա ժամանելուց անմիջապես հետո ժամանողի կողմից լրացվում է ինքնամեկուսացման անցնելու վերաբերյալ ձևաթուղթը՝ գերմաներեն կամ անգլերեն լեզուներով։

Սլովակիա

Սլովակիայի Հանրապետություն ժամանող անձինք պարտավոր են գրանցվել https://korona.gov.sk/en/ehranica/ հղումով։ Սլովակիայի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում, Սլովակիայի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի կողմից պահանջի դեպքում, անհրաժեշտ է ներկայացնել գրանցման վերաբերյալ հավաստում»։