
Ինչու է Երևանի քաղաքապետարանը 24 մլն դրամ հատկացրել գազելների թաղանթապատման համար. Կարապետյանը մանրամասնում է. ArmDaily

Այսօր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ «Երևան» հիմնադրամի միջոցներից 24 միլիոն դրամ է հատկացվում «Անահիտ Սուքիասյան» Ա/Ձ-ին 100 գազելներ «մշակված դիզայնին համապատասխան թաղանթապատելու նպատակով»։
ArmDaily.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ մեքենաներն ամբողջությամբ սպիտակ են ներկրվել. «Այլ գույների տրանսպորտային միջոցները այլ գին են՝ գործարանային արտադրության ցանկացած ուրիշ գույնը ավելի թանկ է նստում համայնքի վրա, իսկ համայնքը ավտոբուսների, տրանսպորտային միջոցների սեփական բրենդավորումը ունի և Երևանում այդ գույները ստանալու համար թաղանթապատվում են տրանսպորտային միջոցները»։
Անդրադառնալով հարցին՝ ի՞նչ սկզբունքով է ընտրվել ընկերությունը, որը պետք է նշված ծառայությունը մատուցի՝ Կարապետյանը նշեց, որ մանրամասներին չի տիրապետում։
Նա նաև նշեց, որ այս գնումը վերաբերում է միայն նշված 100 տրանսպորտային միջոցներին, սակայն հնարավոր է հետագայում ևս այս պրակտիկան կիրառվի։