Իսրայելում ուժի մեջ է մտել այս տարի թվով երրորդ կոշտ կարանտինը
2020 թվականի մարտից ի վեր արդեն երրորդ կոշտ կարանտինն է սկսվել Իսրայելում կիրակի, տեղական ժամանակով՝ 17:00-ին: Մինչեւ հունվարի 9-ն իսրայելցիներին արգելվում է հեռանալ տնից ավելի քան 1 կմ հեռավորության վրա եւ միմյանց հյուրընկակվել, փակվում են բոլոր առեւտրի կետերը, բացի առաջին անհրաժեշտության ապրանքներ առաջարկեղ խանութներից, ռեստորաններին թույլատրվում է աշխատել միայն «վերցրու քեզ հետ» սկզբունքով: Սահմանափակումների ցանկը հրապարակել է առողջապահության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«2020 թվականի դեկտեմբերի 27-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 9-ն արգելվում է ավելի քան 1 կիլոմետրով հեռանալ տնից, բացառությամբ պատվաստվելու, բժշկական կամ սոցիալական օգնություն ստանալու, ցույցերին կամ դատավարությանը մասնակցելու, սպորտով զբաղվելու նպատակով ոտքով զբոսանքի, թույլատրված աշխատանքի կամ կրթօջախ այցելելու, հուղարկավորության, թլպատման արարողության կամ հարսանիքի մասնակցելու դեպքերի: Խախտելու համար նախատեսվում է 500 շեկելի չափով տուգանք»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից հավելել են, որ արգելված է լքել բնակության վայրը այլ մարդու բնակության վայրում գտնվելու նպատակով: Երկու շաբաթով դադարում են աշխատել բոլոր առեւտրի կետերն ու հանրային վայրերը, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութների, փակվում են հանգստյան տները, կենդանաբանական այգիները, ազգային եւ բնության այգիները, հուշահամալիրները, գեղեցկության սրահները եւ վարսավիրանոցները, այլընտրանքային եւ լրացուցիչ բժշկության վայրերը, կինոթատրոնները, առեւտրի կենտրոնները, շուկաներն ու թանգարանները: Արգելվում է ակտիվությունը բաց հրապարակներում, էքսկուրսիաները, արշավներն ու ուղեւորությունները:
Kan իսրայելական ռադիոյի հաղորդմամբ՝ մանկապարտեզները կշարունակեն աշխատել, դպրոցներում դասապրոցեսն առայժմ չի ընդհատվի: