Երկու թուրքական ինքնաթիռներ ռազմական տեխնիկայով բեռներ են տեղափոխել Լիբիա
Թուրքական երկու ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ վայրէջք են կատարել «Էլ-Վաթիա» ավիաբազայում (գտնվում է Տրիպոլիից 100 կմ հարավ-արեւմուտք), հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Arabiya հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի լիբիական աղբյուրների համաձայն, Թուրքիայից ժամանող ինքնաթիռներով Լիբիա են հասցվել հրթիռային համակարգեր, ինչպես նաեւ՝ ռադարներ:
Լիբիայում զուգահեռ գործում են կառավարության երկու կաբինետներ՝ Տրիպոլիում գտնվող Ֆաիզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ) եւ ժամանակավոր կաբինետ, որին աջակցում է խորհրդարանը եւ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ): 2019-ի ապրիլին Հաֆթարը հարձակում սկսեց Տրիպոլիի վրա։ Ի պատասխան՝ մայրաքաղաքի կաբինետը մոբիլիզացրեց իր վերահսկողության տակ գտնվող բոլոր կազմավորումները՝ պաշտոնապես օգնություն խնդրելով Թուրքիայից՝ իր հետ կնքված ռազմական համագործակցության հուշագրի հիման վրա: Դրանից հետո Անկարային ակտիվ աջակցությամբ նրան հաջողվեց վերականգնել վերահսկողությունը Հաֆթարի կողմնակիցների գրաված մի շարք տարածքների վրա:
Դեկտեմբերի սկզբից Հաֆթարի շրջապատը բազմիցս հայտարարել է, որ իրենք շարունակում են մտահոգությամբ հետեւել Թուրքիայի գործողություններին՝ մեղադրելով նրան լիբիական երկխոսության առաջընթացին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի միջնորդությամբ, ամեն կերպ խանգարելու փորձերի մեջ: Վերջին շաբաթներին բանակի հրամանատարության ներկայացուցիչները մեղադրանքներ են հնչեցրել Անկարայի հասցեին՝ ԱՀԿ-ի կողմից վերահսկվող տարածքներ ռազմական տեխնիկա, ինչպես նաեւ վարձկանների նոր մեծ խմբեր ակտիվորեն տեղափոխելու համար: