Քաղաքականություն

Պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած տղերքի շենքերում սայլակների հարմարությունով վերելակներ կտեղադրվեն. քաղաքապետ

WRed 158 դիտում
Պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած տղերքի շենքերում սայլակների հարմարությունով վերելակներ կտեղադրվեն. քաղաքապետ

Սոցապ նախարարի հետ արդեն խոսել եմ և նրան խնդրել եմ, որ վերջնական ճշգրտումներ անի, մեզ փոխանցի բոլոր այն երևանաբնակ տղերքի ցուցակը, որոնք պատերազմի ընթացքում հաշմանդամություն են ձեռք բերել, և մենք քաղաքապետարանի աշխատակիցների խնայած գումարներով բոլոր շենքերում վերելակներ կտեղադրենք, որոնք թույլ կտան սայլակներով մուտք գործել վերելակ: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով պատերազմի ընթացքում տուժած քաղաքացիներին աջակցելու մասին:

«Այն զրկանքները, որոնք կրել են մեր քույրեր-եղբայրները, շատերը, ցավոք, կորցրել են իրենց երեխաներին, հայրերին, մայրերին, շատերը մնացել են առանց նրանց միակ կերակրող: Սա բավականին ծանր է, ազգային ողբերգություն է, և քաղաքապետարանը պետք է անմասն չմնա և իր ներդրումն ունենա նրանց աջակցելու հարցում: Լուծելու ենք խնդիրները կետային, ամբողջովին, բնականաբար, մեր հնարավորությունների սահմանում»,-ասաց նա:

Հայկ Մարությանը նշեց, որ վերջին շրջանում  քաղաքապետարանում պարգևավճարներ չեն բաժանվել, և այդ խնայողություններն ուղղվելու են ճիշտ նպատակին: Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց բոլոր աշխատակիցներին, որոնք պատրաստական են եղել աջակցել այս հարցում:

Մարությանն անդրադարձավ նաև ամբողջ քաղաքում հին վերելակները նորերով փոխարինելու մասին հարցին և նշեց, որ այս շաբաթ մրցույթ կհայտարարվի 2021 թվականին ևս 100 վերելակ փոխարինելու համար:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից