
Մանկապարտեզում ենք ապրում, բայց ասում են՝ դուրս եկեք, 6 անչափահաս երեխաներիս ու՞ր տանեմ. արցախցի. Tert. am

Քաշաթաղի Այգեկ գյուղի բնակիչ Ռոմիկ Դարբինյանը կորցրել է իր տունն ու տեղը: Ժամանակավոր ապաստան է գտնել Արտաշատի Գետազատ գյուղի մանկապարտեզում, բայց գյուղապետը, մանկապարտեզի տնօրենը, մարզպետարանի աշխատակիցը հորդորել են դուրս գալ տարածքից, քանի որ մանկապարտեզը շուտով սկսելու է գործել:
Անօգնական վիճակում գտնվող քաղաքացին Tert.am-ի հետ զրույցում ասել է, թե իրեն հանեն, իր ընտանիքով կգնա Հանրապետության հրապարակում կնստի. «Մանկապարտեզից հանում են, բա ես 6 երեխուս առնեմ, գնամ փողոցներու՞մ քնեմ: Ինձ ճամփա են ցույց տալիս, թե մարդիկ կան՝ մեքենաներում են քնում: Ասում են՝ դուրս չգաս՝ ոստիկանության ուժի կիրառմամբ կհանենք: Այսինքն՝ թուրքը այնտեղ է ուժ գործադրում, իրենք էլ՝ այստե՞ղ»:
Փոքր երեխան 2 ամսական է, մեծը՝ 9-ը տարեկան և սրտի արատ ունի: Պատմել է՝ իր նորածնին կեր չեն տվել, ասել են՝ փող ես ստացել, գնա առ: