
36-ամյա վարորդը «Land Rover»-ով բախվել է «ЗИЛ»-ի հետնամասին. կան զոհեր և վիրավորներ

Այսօր, դեկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ 36-ամյա Արման Հարությունյանը իր վարած Land Rover մակնիշի 71 LQ 077 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Շահեն Գևորգյանի վարած ЗИЛ 4502 մակնիշի 769 AD 61 համարանիշի բեռնատարին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Land Rover-ի վարորդ Ա․ Հարությունյանը և նրա ուղևորուհին, ում տվյալները պարզվում են, տեղում մահացել են։ Իսկ ЗИЛ-ի վարորդ Շ․ Գևորգյանն ու նրա ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 64-ամյա Արարատ Մանուչարյանը և 57-ամյա Մովսես Մովսեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխվածները աշխատում են «Ծովագյուղի ՃՇՇ» Ճանշին ՍՊԸ-ում և կատարելիս են եղել ճանապարի մշակման աշխատանքներ, ЗИЛ-ի բեռնախցիկից բահերով ճանապարհին աղ ու ավազ լցնելիս են եղել։