
Կարծում եմ, պարոն Թաթոյանը չափազանցնում է. Մանե Գեւորգյանը՝ հրապարակում էկրանից բռնություն խրախուսող տեսանյութի մասին

Հանրապետության հրապարակում էկրանը տեղադրվել էր վարչապետի ուղերձի համար, սակայն հեռարձակվել է նաեւ բռնություն խրախուսող տեսանյութը:
Այս առնչությամբ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է. «Իմ տեղեկություններով այնտեղ հայհոյանքներ չկան, դրանք փակված են եղել ձայնային նշանով։ Ես կարծում եմ, պարոն Թաթոյանը չափազանցնում է այն ինչ -որ կա՝ իրականությունը։ Տեղյակ եմ, որ ամեն դեպքում մեր հանրության շրջանակում դժգոհություններ են առաջացել և հաշվի առնելով այդ փաստը, ես այսօր խնդրել եմ, որ այդ էկրանը ապամոնտաժվի»։
Մանե Գևորգյանը նաև հաստատել է, որ Էկրանը տեղադրվել է վարչապետի ելույթի համար, որը երեկ նաև հեռարձակվեց. «Ամեն դեպքում հաշվի առնելով, որ բավականին թանկ տեխնիկա է էնտեղ դրված, որոշում ենք կայացրել, որ դա պետք է ապամոնտաժեն, որ գույքը չվնասվի»։
Իսկ թե ո՞ւմ թույլտվությամբ է հեռարձակվել տեսանյութը, խոնակն ասաց, որ թույլտվության խնդիր բացարձակ չկա. «Ամեն դեպքում խնդիրը լուծված է, էկրաններն ապամոնտաժվում են և վերջ»։
Բովանդակության համար պատասխանատուի մասին Գևորգյանը չնշեց։
Նշենք, որ ըստ կայքի, նոյեմբերի 12-ին հանրապետության հրապարակում սպանության սպառնալիքներով ու բռնությունը խրախուսող տեսանյութի հեռարձակումը տեղի է ունեցել կառավարության գիտությամբ, եթե չասենք` հանձնարարությամբ: Միայն թե վարչապետի խոսնակը համամիտ չէ, որ տեսանյութը բռնություն ու վիրավորանք է քարոզում:
Այսպես` Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին երեկ ուշ երեկոյան տեսանյութ էր հեռարձակվել, որն առաջացրել էր հասարակության լայն զանգվածների դժգուհությունը:
Այս առնչությամբ հայտարարություն է տարածել ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը, ով նմել է. «Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ ու որով խրախուսվում է բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով ու այն էլ դա անել այս պատասխանատու օրերին:
Ինչպե՞ս կարելի է ցուցադրել նման տեսանյութ՝ ակնհայտ գիտակցելով, որ դա դիտելու են նաև երեխաներ ու կանայք:
Ակնհայտ է, որ դա արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով փաստացի հրահրվում է ներքին թշնամանք»:
«Փաստինֆո»-ն դիմել է Երեւանի քաղաքապետարանին` պարզելու, ում թույլտվությամբ ու ինչ նպատակի համար է տեղադրվել էկրանը Հանրապետության հրապարակում, ով է տվել իր համաձայնությունը` տեսանյութի հեռարձակման համար:
«Ամսի 10-ին էկրանները հանվել են, հետո վարչապետի ուղերձի համար մեկը հետ է տեղադրվել, բայց բովանդակության հետ կապված ինձ թվում է՝ ինչ որ տեխնիկական խնդիր է եղել»,- նշեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Իոսիֆ Կուբատյանը։ Նա հավաստեց, որ կառավարության որոշմամբ են էկրանները հետ տեղադրվել, իսկ թե ո՞վ կարող է լինել բովանդակության համար պատասխանատու՝ դժվարացավ նշել։