
Հայ դատի հանձնախումբը ստորագրահավաք է սկսել Ալիևին և Էրդողանին պատժամիջոցների ենթարկելու համար

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին և ԱՄՆ Կոնգրեսին՝ պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրանց բարձրաստիճան զինվորականներին՝ Հայաստանում և Արցախում խաղաղ բնակիչների դեմ իրականացված ռազմական հանցագործությունների համար:
«Նախագահ Թրամփը Կոնգրեսի երկու կուսակցությունների աջակցությամբ պետք է անմիջապես ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին հանձնարարի պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի դեմ, որոնք երկուսն էլ ակնհայտորեն մեղավոր են Հայաստանում և Արցախում խաղաղ բնակչությանն ուղղված կանխամտածված անակնկալ հարձակման և շարունակական գրոհի համար: Մենք դիմում ենք Ֆինանսների նախարարությանը, որպեսզի արագ միջոցներ ձեռնարկի Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի դեմ այս պատժամիջոցները կիրառելու համար: Նրանք երկուսն էլ ռազմական հանցագործներ են, և ԱՄՆ Կառավարությունը պետք է նրանց հետ այդպես վարվի», – հայտարարել է Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը:
Հայ դատի հանձնախումբն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին ռազմական հանցագործությունների համար պատժամիջոցների ենթարկելու նպատակով ստորագրահավաք է սկսել: