
Սիրիացի վարձկանը BBC-ին հայտնել է, որ իրեն խաբեությամբ են բերել Ադրբեջան՝ կռվելու հայերի դեմ

Սիրիացի վարձկանը, որը ներկայացվում է Աբդուլլահ անունով, հարցազրույց է տվել BBC-ի արաբական ծառայությանն ու խոստովանել, որ իրեն աշխատանք են առաջարկել Ադրբեջանում, սակայն վերջինս չի իմացել, որ մեկնելու է կռվելու:
Աղբյուրը հայտնում է, որ սիրիացին իրենց լրագրողի հարցերին պատասխանել է հապճեպորեն, քանի որ շտապելիս է եղել ադրբեջանական բանակում ռազմական հավաքի:
Աբդուլլահը մեկն է 17-30 տարեկան հարյուրավոր սիրիացի քաղաքացիներից, որոնք նախորդ չորեքշաբթի օրվանից սկսած ուղարկվել են ադրբեջանական զինուժի հետ պայքարելու առաջնագծում: Ի դեպ աղբյուրը նշում է, որ նրանց հավաքագրումը տեղի է ունեցել թուրքական բանակի և Սիրիայում նրանց դաշնակից ուժերի գիտությամբ:
Աբդուլլահը, ինչպես և Սիրիայի հյուսիսային շրջանում բնակվողներից շատերը տնտեսական ճգնաժամի մեջ են և ֆինանսական խնդիրներ ունեն: Այդպիսով, Աբդուլլահը հայտնել է, որ ընդունել է Ադրբեջանում աշխատանքի առաջարկը, որի դիմաց 2000 դոլար ամսական աշխատավարձ պետք է ստանար, սակայն պատկերացում չի ունեցել, թե ինչ էր իրեն սպասվում այնտեղ:
Աբդուլլահը նշում է, որ ինչ-որ կերպ հաջողացրել է հեռախոս ձեռք բերել և զրուցել իր ընտանքի անդամների հետ, սակայն չգիտի երբևէ կկարողանա նրանց նորից տեսնել, թե ոչ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 73 անօդաչու թռչող սարք, 151 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։