Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է կեղծ լուսանկարների հրապարակումը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է կեղծ լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը տարբեր հարթակներում։ Այս մասին տեղեկացնում է Արցախ տեղեկատվական շտաբը։ 

Այս անգամ կառույցի թվիթերյան պաշտոնական էջում հրապարակել էր լուսանկար, որում իբրև հայ զինվորականներին տեղափոխող ռազմական մեքենան պայթում է։ Պայթյունի հետևանքով զոհված զինվորների լուսանկարը ադրբերաջանական կողմը ներկայացնում էր որպես սեփական բանակի արդյունավետ գործողությունների հետևանք։ Նշենք, որ լուսանկարը այժմ հեռացված է։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 73 անօդաչու թռչող սարք, 151 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: 

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։ 

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ): 

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Քաղաքականություն