Ուկրաինայում Սաակաշվիլիին մեղադրում են պետական գաղտնիք հրապարակելու մեջ
Ուկրաինայի Obozrevatel TV-ին ևս մեկ վավերագրական ֆիլմ է նկարահանել այդ երկրում Սաակաշվիլիի քաղաքական գործունեության մասին ու նոր բացահայտումներ արել՝ նրան մեղադրելով մեծ չափի յուրացումների, անգամ պետական գաղտնիք հրապարակելու մեջ:
Ուկրաինայում ցուցադրվել է այդ երկրում Սաակաշվիլիի գրծունեությունը քննող երկրորդ ֆիլմը, որում խոսվում է Ուկրաինայում երկու կարևոր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում նրա կոռուպցիոն գործունեության մասին, ինչը հիասթափություն է առաջացրել Սաակաշվիլիին բարեփոխումների խորհրդի պաշտոնը վստահած նախագահ Զելենսկու, քաղաքական գործիչների ու գործարարների շրջանում: Վերջիններս համոզված են, որ Ուկրաինայում պաշտոնավարելու ժամանակ նա իր դիրքն օգտագործել է անձնական բարեկեցության համար:
Քննչական ֆիլմում խոսք է գնում այդ երկրում Վրաստանի նախկին նախագահի թանկարժեք անշարժ գույքի մասին: Հեղինակների հայտարարությամբ, դեռևս Օդեսայի շրջանի նահանգապետ լինելու տարիներին Սաակաշվիլին 75 հա տարածք էր օտարել Օդեսայի պատմական մասում, որտեղ իր ընկերոջ ՝ գործարարի կողմից կառուցվել էին ժամանակակից բարձրահարկ բնակելի շենքեր: Դրանցից մեկի վերջին հարկում Սաակաշվիլիին հատկացվել էր պենտհաուս՝ ծովի տեսարանով և մեծ վերանդայով: Իսկ երբ փաստը բացահայտվել և հանրային քննարկման առարկա էր դարձել, Սաակաշվիլին այն օտարել էր`գործը կոծկելու համար: Ուկրաինայում ժամանակավոր բնակություն հաստատած նրա մայրը կասկածները փարատելու համար երկրի շրջաններից մեկում ցուցադրել էր կիսակառույց առանձնատուն` հայտարարելով, թե սեփական միջոցներով տուն է կառուցում անտուն մնացած որդու համար:
Վավերագրական ֆիլմի հեղինակները պատմել են նաև, որ Ուկրաինայում Սաակաշվիլիի նկատմամբ տնտեսական յուրացումների մասով մեղադրանքից բացի կարող է քրեական գործ հարուցվել նաև պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով:
Օդեսայի կամավորական հատուկ նշանակության գումարտակի նախկին անդամները Սաակաշվիլիին մեղադրել են ռազմական գաղտնիքի հրապարակման մեջ: Օդեսայի նահանգապետի պաշտոնավարման ժամանակ Ուկրաինայի հակաահաբեկչական գործողությունների գոտի այցելած Սաակաշվիլին վերադառնլուց հետո գիտակցաբար, կամ էլ փառասիրությունից դրդված ռազմական գաղտնիք էր հրապարակել`ցուցադրելով կադրեր, որտեղ քարտեզի վրա հստակ երևում է հակաահաբեկչական գոտում ռազմիկների դիրքերի տեղակայման վայրերը:
Այժմ, Ուկրաինայում նրա դիրքերը թուլանալուց հետո, Սաակաշվիլին ուշադրությունը կրկին սևեռել է դեպի Վրաստան, որտեղ «Ազգային շարժում» կուսակցությունը հոկտեմբերի 31-ին կայանալիք խրհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում նրան խոստացել է վարչապետի պաշտոնը: