Ծեծի ենթարկված փոխգնդապետը տանն է և գտնվում է կոմայի մեջ. նոր մանրամասներ

«Որդիս մի քանի օր է, ինչ տանն է, բայց առողջական վիճակի մեջ փոփոխություն չկա: Էլի կոմայի մեջ է, բժիշկների հսկողության տակ: Արդեն տանը պետք է մնա»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է  Եղեգնաձորում մոտ 1 տարի առաջ  դաժան ծեծի հետևանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը: 

 

Նրա խոսքով՝ երեկ նշանակված դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին: Սամվել Մխիթարյանը խնդրել է, որպեսզի այդ օրերին մարդիկ գնան, կանգնեն իրենց կողքին:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանն ազատ էր արձակվել 1 միլիոն 500 հազար դրամ գրավի դիմաց։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում է նաեւ նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել Տրդատ Սարգսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների եւ որոշ վկայությունների, ևս դեպքի վայրում է եղել։