
Փլատակների տակից դուրս բերված 3-րդ քաղաքացին մահացել է. Ֆելիքս Ցոլակյան

Փլատակներից դուրս բերվեց 3-րդ տուժածը, որը մահացած էր, ցավոք սրտի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նշենք, որ ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ փլատակներում է մնացել 56 տարեկան տղամարդ։
«Ցավակցում եմ մահացածի հարազատներին։ Փրկարարները նոր տեղափոխեցին շտապօգնության մեքենա։ Հեռախոսի համարը ունեինք։ Զանգ էին տալիս փրկարարները, որպեսզի ճիշտ կողմնորոշվեին, թե որ մասում է։ Ճիշտն ասած, հեռախոսից բավականին հեռու էր։ Սկզբից գտան հեռախոսը, հետո նոր իրեն»,- ասաց Ցոլակյանը։
Հարցին, թե չկան արդյոք այլ տուժածներ, Ցոլակյանը ասաց. «Մեր ունեցած նախնական տեղեկություններով, միշտ ասում ենք նախնական, որովհետև մենք լիարժեք պատկեր 100 տոկոսանոց չենք կարող ունենալ, թե քանի մարդ է եղել որ բնակարանում։ Այն, ինչ մենք կարողացել ենք ճշտել հարևանների, բնակիչների միջոցով պետք է լիներ հենց այսքանը»։
Հարցին՝ արդյոք սեյսմակայուն է շենքի մյուս հատվածը, նախարարը տեղեկացրեց, որ այժմ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը գտնվում է շենքում։