Հենց նա է ամբողջ աշխարհին լկտիորեն խաբել. Ալեքսեյ Նավալնիի եղբայրը մեղադրել է Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկին «ծախված» լինելու համար

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբայրը՝ Օլեգ Նավալնին, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, ուր վատ ինքնազգացողությունից հետո տեղափոխվել էր իր եղբայրը, խոչընդոտել է գործչի ախտորոշմանը, ինչպես նաև նրան գերմանական հիվանդանոց տեղափոխելու գործընթացին։ 

«Հիանալի մամուլի ասուլիս էին այսօր Օմսկում մի քանի բուժաշխատող կազմակերպել։ Հատկապես տհաճ էր գխավոր բժշկի խոսքերն այն մասին, թե իրեն անգամ «շնորհակալություն» չեն ասել։ Դա, իհարկե, ճիշտ չէ։ Երևի նրան շնորհակալություն են հայտնել տարբեր գերատեսչություններում՝ Ալեքսեյին երկար պահելու գործընթացը կազմակերպելու համար»,-գրել է ընդդիմադիր գործչի հարազատը։ 

Նրա խոսքով՝ տեղափոխման թույլտվություն ստանալուց մեկ ժամ առաջ գլխավոր բժիշկն անձամբ է հայտարարել, որ հիվանդն «ի վիճակի չէ տեղափոխման»։ Նշվում է, որ հենց նա է ճնշում գործադրել մնացած բժիշկների վրա, որպեսզի նրանք նույնպես հաստատեն այդ «թեզը»։ 

Բացի այդ, Օլեգ Նավալնին հավաստիացրել է, որ բժիշկը խոչընդոտել է Օմսկի հիվանդանոց ժամանած գերմանացի բժիշկների հետ հիվանդի հարազատաների շփմանը։

«Հենց նա է ամբողջ աշխարհին լկտիորեն խաբել, թե ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է, իսկ թունավորումը բացառվում է։ Ավելի զզվելի բան չկա, քան այն, որ մարդիկ ուրիշների կյանքն իրենց աթոռի համար վտանգի տակ են դնում»,- ընդգծել է նա, սակայն նաև շնորհակալություն հայտնել օդաչուներին, որոնք օպերատիվ կերպով ինքնաթիռն իջեցրել են Օմսկում, շտապօգնության բժիշկներին, որոնք հիվանդին հիվանդանոց են հասցրել, Մոսկվայի և Օմսկի բուժանձնակազմին, որոնք փրկել են իր եղբոր կյանքը։

«Եվ, իհարկե, անսահման շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օգնեցին ճնշում գործադրել իշխանությունների վրա և հիվանդի՝ երկրից դուրսբերումը կազմակերպել»,- եզրափակել է ընդդիմադիր գործչի եղբայրը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բեռլինյան հիվանդանոցի բժիշկները հաստատել են Ալեքսեյ Նավալնիի թունավորված լինելը։ Նշվում է, որ Նավալնին, որը բուժում է ստանում բեռլինյան Charite հիվանդանոցում, շարունակում է գտնվել արհեստական կոմայի մեջ: Նրա արյան մեջ թունավորման (ինտոքսիկացիա) հետքեր են հայտնաբերվել, չեն բացառվում հետևանքները նյարդային համակարգի վրա։

Բժիշկները հայտնում են, որ ներկա պահին Նավալնիի կյանքին սպառնացող սուր վտանգ չկա:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել էր։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ 

Հաղորդվել էր նաև, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։