Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի անդամները ձերբակալվել են

Բելառուսի ընդդիմության ստեղծած Համակարգող խորհրդի գործադիր տնօրեն Անտոն Ռադնյանկովը հայտարարել է Մինսկում ոստիկանության կողմից ղեկավար կազմի երկու անդամի՝ Օլգա Կովալկովայի և Սերգեյ Դիլևսկու ձերբակալման մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Նրանք, իսկապես, իրենց դեմ սկսված վարչական գործընթացի շրջանակում են ձերբակալվել»,-նշել է Մինսկի ոստիկանության մամուլի քարտուղար Նատալյա Գանուսևիչը։ Նա չի մանրամասնել, թե օրենքի որ խախտման մասին է խոսքը և թե վարչական օրենսգրքի որ հոդվածով է նրանց դեմ գործ հարուցվել։ 

Միևնույն ժամանակ, Կովալկովայի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ նրան ու Դիլևսկուն մեղադրում են չարտոնված ակցիայի կազմակերպման համար։ 

«Եկել են ՄՏԳ գործարանի մուտքի մոտ ցույց իրականացնող աշխատակիցների և գլխավոր տնօրենի տեղակալի հետ զրուցելու համար։ Ոստիկանության հատուկ ջոկատի աշխատակիցները նրանց մեղադրել են չարտոնված զանգվածային միջոցառումների կազմակերպման համար և տարել դեպքի վայրից»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ, տարբեր գնահատականների համաձայն, 100-150 հազար ցուցարարներ հավաքվել են Անկախության հրապարակում, որտեղից շարժվել են «Պլանետա» հյուրանոց, որը տեղակայված է «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի մոտակայքում: Հարյուրավոր զինվորականներ շրջապատել են «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի տարածքը: 

Բողոքի ցույցերը Մինսկում չեն դադարում 14 օր շարունակ: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել, 3 ցուցարար էլ մահացել է:

Доверенное лицо Светланы Тихановской Ольга Ковалькова и лидер стачкома МТЗ Сергей Дылевский, входящие в Координационный совет для трансфера власти, задержаны 24 августа в Минске.