Թուրքական կայքերը Անթալիայում սպանված ադրբեջանցի «օրենքով գողի» սպանությունից մանրամասներ են հայտնել

Թուրքական Sozcu պարբերականը մի քանի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցի «օրենքով գող»  եւ «Լոթու Գուլի» մականունով Նադիր Սալիֆովի սպանությունից։

Թուրքական Sozcu—ի փոխանցմամբ՝  Ստամբուլում  ադրբեջանցի քրեական հեղինակություն Ռովշան Ջանիյեւին 65 արձակված փամփուշտով սպանելու մեջ կասկածվում էր հենց Նադիր Սալիֆովը, իսկ հետաքրքիր համընկնումը, որ Ռովշանը սպանվել էր օգոստոսի 18—ին, իսկ  Նադիրը օգոստոսի 19–ին, լրջորեն խորացրեց այդ կասկածները։

Նադիր Սալիֆովի դեմ նախկինում երկու անգամ մահափորձ է տեղի ունեցել, սակայն ոստիկանությունը կանխել է դրանք։

Մի անգամ Նադիր Սալիֆովի դեմ հարձակում էր ծրագրած մի առեւտրի կենտրոնում, սակայն թուրքական ոստիկանական ուժերը կանխել էին ու ձերբակալել 13 հոգու, այդ թվում 2 ադրբեջանցու։

Հետաքննությամբ պարզվել էր, որ ադրբեջանցիները հանդիպել են թուրքական հանցավոր խմբավորման անդամների հետ եւ պլանավորել Նադիր Սալիֆովի սպանությունը 5 մլն դոլարի դիմաց։

Սալիֆովի սպանության պատվիրատուն ըստ պնդումների Ռովշան Ջանիեւի եղբայրն է։

2018 թվականին Սալիֆովը ինտերնետի միջոցով կապնվել էր ռուս գործարարների հետ եւ նրանցից ամսական գումարներ պահանջել։ Սա լրատվամիջոցներին հայտնի դառնալուց հետո Թուրքիայից Սալիֆովն արտաքսվում է, սակայն 2020–ին անօրինական ճանապարհով նորից հայտնվում Թուրքիայում։

Երկրորդ անգամ սպանության պատվերը վերցրել է ազգությամբ վրացի քրեական հեղինակություն  Գուրամ Չիկլադզեն։  Սակայն ոստիկանները այս մահափորձը եւս կանխել էին՝ ձերբակալելով ադրբեջանցիների եւ վրացիների։

Նշենք, որ Նադիր Սալիֆովն սպանվել էր Անթալիայում հաց ուտելու ժամանակ։

Պատահարներ