ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սլովակիայում Բելառուսի դեսպանը առաջինն է դարձել՝ աջակցություն հայտնելով իր հայրենիքում բողոքի ակցիաների մասնակիցներին
Սլովակիայում Բելառուսի դեսպան Իգոր Լեշչենյան տեսաուղերձ է հղել, որում աջակցություն է հայտնել հայրենիքում բողոքի ակցիաների մասնակիցներին: Լեշչենյան առաջին գործող բելառուս դեսպանն է, որն իր աջակցությունն է հայտնել բողոքի ակցիաների մասնակիցներին, գրում է tvrain.ru-ն։
Հայրենակիցներին հղած տեսաուղերձում Լեշչենյան հայտարարել է, որ ցնցված է իր համաքաղաքացիների «կտտանքների և ծեծի մասին պատմություններից»:
«Իմ հարյուրավոր հայրենակիցներն իրենց վրա են զգացել, որ իրավապահ մարմինների մի շարք ներկայացուցիչներ 21-րդ դարի հանդուրժող եվրոպական Բելառուսում լիովին վերականգնել են ՆԳԺԿ (ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) ավանդույթները»,- ասել է Լեշչենյան:
Նրա խոսքով՝ ուժայինները «փորձում են կանխել դրսից երկրի ներքին գործերին միջամտությունը», սակայն «համախմբված, ուժեղ և արտաքին ազդեցություններին չենթարկվող պետության առանցքային բաղկացուցիչները ժողովրդի կամքի, լեզվի, պատմության և մշակույթի հանդեպ հարգանքն են»։
«Սլովակիայում ես ներկայացնում եմ Բելառուսը և բելառուս ժողովրդին, որը, Սահմանադրության համաձայն, մեր երկրում իշխանության միակ աղբյուրն է։ Ես իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր դուրս են եկել բելառուսական քաղաքների փողոցներ խաղաղ երթերով, որպեսզի լսելի դարձնեն իրենց ձայնը»,- նշել է դեսպանը՝ հույս հայտնելով, որ «իր երկրի ապագան հիմնված կլինի հասարակության բոլոր շերտերի և տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների դիրքորոշումները հաշվի առնելու վրա»:
Լեշչենյան նաև նշել է, որ ձերբակալված ցուցարարների լուսանկարներից մեկում ճանաչել է իր դստեր համադասարանցուն, որը «հաստատ խռովարարի համբավ չի ունեցել»:
Իգոր Լեշչենյան Սլովակիայում Բելառուսի դեսպանն է 2016 թվականից:
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, մեկ ցուցարար զոհվել է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկում հրաժեշտ են տվել զոհված ցուցարարին
Մինսկում հրաժեշտ են տվել ցույցերի ժամանակ զոհված Ալեքսանդր Տարայկովսկուն: Նրա թաղմանը եկել են հարյուրավոր մարդիկ: ԶԼՄ-նե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկի կենտրոնում 200-300 հազար մարդ է հավաքվել, որոնք պահանջում են Լուկաշենկոյի հրաժարականը
Բելառուսում շարունակվում է ներքաղաքական ճգնաժամը: Այսօր երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրավիրած հանրահավաքից հետո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի. Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է գործադուլի մասնակիցների մոտ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղղաթիռը վայրէջք է կատարել Մինսկի անվային քարշակների գործարանի տարածքում, որտե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շնորհակալություն, կարող եք շարունակել բղավել. Լուկաշենկոն՝ գործադուլի մասնակիցների «հեռացի՛ր» վանկարկումներին ի պատասխան
Համացանցում է հայտնվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Մինսկի անվային քարշակների գործարանի գործադուլավոր...